Այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով որպես ընթերակա հանդես եկող Գրիշա Գասպարյանը:
Վկայի հարցաքննության ընթացքում դատարանը հանեց ամբաստանյալի պաշտպան Սամվել Ջաղինյանի այն հարցերը, որոնք վերաբերում էին վկայի հեռախոսահամարի տրամադրմանը, ինչը փաստաբանը համարեց անընդունելի: Նա պնդեց, որ դատավորը միտումնավոր հանում է, իր տեսանկյունից, առանցքային հարցերը. «Ես ուզելու եմ վկայի հեռախոսահամարը, որպեսզի դրա միջոցով պարզենք, թե դեպքի վայրի ժամանակ, որտեղ է գտնվել քաղաքացին: Գնահատում եմ ձեր գործողությունները՝ հարցը հանելը, կողմնակալ»,- շեշտեց պաշտպանը՝ կասկածի տակ դնելով վկայի ցուցմունքը: Փաստաբանի առարկության ընթացքում լեզվակռիվ տեղի ունեցավ դատավորի միջև. «Եկել եք, որ կռիվ անե՞ք դատարանի հետ»,- ասաց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:
Հարցաքննության ընթացքում պարզ դարձավ, որ քննիչը դեպքի վայրում չի բացատրել նրան իր իրավունքները. «Ասին արի որպես ընթերակա մասնակցի, ասիկ ախպոր պես, չեմ ուզում»: Բացի այդ, վկան փոխանցեց, որ արձանագրությանը ծանոթ չէ, այն չի կարդացել, քանի որ տեսողության հետ խնդիրներ ունի, սակայն հարցաքննության ավարտին դատարանը վկային ցույց տվեց արձանագրության հատվածը, նա ընթերցեց:
Մինչ այդ, ընդհանուր պատկերին ծանոթ լինելու համար փաստաբանը հետաքրքրվեց, թե երբ ու որ ժամին է վկան մեկնել տուն, վկան փորձեց պատասխանել, սակայն դատավորը հանեց հարցերը. «Այ մարդ նենց հարց են տալիս, կարող ա ասեն կնգադ հետ քնել ես, թե չէ»,- զայրացած հայտարարեց վկան:
Բացի այս վկայից, դատարանում հարցաքննվեց նաև Ոստիկանության տեսուչ, լեյտենանտ Աշոտ Կարապետյանը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը փորձեց մանրամասներ ճշտել դեպքի վայրի զննության արձանագրության հետ կապված, մասնավորապես հետքերի և առկա հեղուկի առնչությամբ, սակայն դատավորը հարցերը հանեց: Վկան նաև անդրադարձավ ընթերականների առկայությանը՝ նշելով, որ դեպքի վայրում եղել է երկու ընթերակա:
Գհործի քննությունը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը: