Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում սկսվեց Վարդան Պետրոսյանի գործի դատաքննությունը:
Նիստին չեն ներկայացել տուժողներ Հայկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանն ու տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանը: Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանին հայտնեց, որ նրանք խնդրել են դատական նիստն առանց իրենց շարունակել: Կողմերը դեմ չեղան: Թեև Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի երկու պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին, դատավոր Վաղինակ Մկրտչյանը գործով թարգմանիչ ներգրավվեց Հռիփսիմե Բաբայանին:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց քրեական գործի նյութերին կցել News.am կայքին տված տուժող Էմմա Հակոբյանի ընկերուհու՝ Սիրանույշ Տռուզյանի հարցազրույցը, որտեղ նա տեսանյութում մանրամասն նշում է, թե Նիվա մակնիշի մեքենայի մեջ որտեղ է նստած եղել Էմմա Հակոբյանը: Պաշտպանն իր խոսքում նշեց նաև, որ դեպքից հետո տուժող Տաթևիկ Հակոբյանը դատաբժշկին հայտնել է, որ իրենց մեքենան մայթեզրին է կանգնած եղել, երբ Վարդան Պետրոսյանի վարած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրենց մեքենային:
Դատախազ Արթուր Սարգսյանն առարկեց, որպեսզի Էմմա Հակոբյանի ընկերուհու հարցազրույցը կցվի քրեական գործին, Ռուբեն Բալոյանը՝ նույնպես: Վերջինս նշեց, որ երբ պաշտպանական կողմը բարոյականության հարց է բարձրացնում, ապա պետք է մտածել նաև, թե որքանով է բարոյական վթարի ենթարկված ու ծանր վիճակում գտնվող աղջկա ասած ճամփեզր բառն այդ կերպ օգտագործել. դատաբժիշկը չի հարցրել, թե ճամփեզր ասելով ինչ նկատի ունի:
Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ դատական նիստերից լրատվամիջոցները միայն Նիկոլայ Բաղդասարյանի փաստարկներն են ներկայացնում և այս միջնորդության նպատակը ևս այն է, որ լրատվամիջոցների ուշադրությունը գրավի, որը, ըստ նրա, գործի նյութերի հետ կապ չունի: Հետևաբար եթե լրատվամիջոցները շարունակեն կողմնակալ լուսաբանել դատական նիստը, ապա ինքը ստիպված կլինի միջնորդել դատաքննությունը չլուսաբանել:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ այս փաստաթուղթն ու լազերային սկավառակը պետք է կցվեն քրեական գործին, քանի որ փաստաբանն իրականում պետք է կարչի յուրաքանչյուր ապացույցից:
Դատարանը որոշեց լազերային սկավառակն ու փաստաթուղթը կցել քրեական գործի նյութերին:
Դատական նիստը շարունակվում է:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net