Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հակասություններ Վարդան Պետրոսյանի գործով վկաների ցուցմունքներում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործի շրջանակներում այսօր հարցաքննվեցին վկաներ: Առաջին երկու քաղաքացիները դեպքի օրն ու ժամին մեքենայով անցնելիս էին եղել տեղանքով ու օգնություն էին ցույց տվել վթարի մասնակիցներին, իսկ մյուս երեքը դատարան էին հրավիրվել պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության հիման վրա. նրանք ԱԻՆ աշխատակիցներ էին, ովքեր վթարի օրը հերթապահություն էին իրականացրել և օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժածներին:

Հատկանշական էր, որ առաջին վկան` Ասլանյանը, նշեց, որ «Նիվա» մակնիշի մեքենան կողային հայելիներ ունեցել է, սակայն իր ընկերը` գործով մյուս վկա Խաչատրյանը, մեքենայի վրա բարձրանալու ժամանակ ոտքը դրել է մեքենայի աջ կողմի հայելիի վրա, հայելին պոկվել է, ընկել գետնին:

Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կային նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքների միջև: Նախաքննության ժամանակ վկան որևէ բառ չի հայտնել կողային հայելիի ընկնելու մասին:

«Ո՞նց հնարավոր է, որ գործին կցված, չվնասված հայելին ընկներ հատակին ու ոչինչ չլիներ այդ հայելիին»,- զարմացավ պաշտպանը:

Հակառակ առաջին վկայի տված ցուցմունքի` երկրորդ վկան` Խաչատրյանը, նշեց, որ ինքը մեքենայի վրա բարձրանալիս ոտքը չի դրել կողային հայելիի վրա, քանի որ մեքենան բավականին ցածր էր իր հասակի համեմատ, հեշտությամբ բարձրացել է և օգնություն ցույց տվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին:

Նշենք, որ ըստ վկա Ասլանյանի` տուժող Էմմա Հակոբյանին առաջինն են դուրս բերել մեքենայից և նա մեքենայի մեջ «բոյեբոյ» է պառկած եղել, իսկ վկա Խաչատրյանը հայտնեց, որ Էմմա Հակոբյանը նստած է եղել հետևի նստարանին, երբ նրան օգնություն են ցույց տվել:

Ավելի վաղ նույն թեմայի վերաբերյալ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրեց դատարան` ԶԼՄ-ներից մեկում հրապարակված տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Էմմա Հակոբյանը գլուխը դրել Սիրանույշ Տռուզյանի ուսին ու լալիս. «Տեսեք հարգելի դատարան, իսկ Էմմա Հակոբյանը նշում էր, որ Սիրանույշ Տռուզյանն ընդամենն իր ծանոթն է»:

Հիշեցնենք, որ Սիրանույշ Տռուզյանը դեպքից հետո հարցազրույց էր տվել ԶԼՄ-ներից մեկին` ներկայանալով որպես Էմմա Հակոբյանի ընկերուհի և հայտնել, որ Էմման նստած է եղել մեքենայի առջևի երկու նստարանների արանքում: Պաշտպանը միջնորդեց ուսումնասիրել տեսանյութը: Դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ տեսանյութի ուսումնասիրությանն անցնելու ժամանակ անհրաժեշտ կլինի մի քանի դատական նիստ դռնփակ անցկացնել, քանի որ տեսանյութում խիստ անձնական հատվածներ կան:

Տեղեկացնենք, որ Էմմա Հակոբյանն անցյալ դատական նիստի ժամանակ իր ցուցմունքում նշեց, որ ինքը նստած է եղել մեքենայի հետևի նստարանին. մյուս 3 երեխաները հետ են նստած եղել, իսկ ինքը` մի փոքր առաջ:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել