Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու պաշտպանի բողոքը: Այս մասին լրագրողներին րոպեներ առաջ ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նրա խոսքով` մերժման հիմնավորումները դեռ հայտնի չեն. դատարանը դա կողմերին կուղարկի 3 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին տեղի էր ունեցել ՃՏՊ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում` BMW -ի վարորդ, դերասան Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Պետրոսյանը: Նա այս պահին կալանավորված է: