Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ վերսկսվեց հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը:
Նիստին պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ առարկություն ներկայացնելուց հետո տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ վերջին օրերին շփվել է տուժողների հետ` խնդրելով, որ հաշտության գնան. «Ես ժամերով զրուցել եմ տուժող կողմի հետ: Խնդրել եմ, որպեսզի կողմերը ձեռնարկեն անհամեմատ ուղիղ հաշտության եզրեր փնտրելու գործողություններ, ես գտնում եմ, որ կարելի է հաշտության գնալ»,- նշեց փաստաբանը:
Դատավորը փորձեց հստակեցնել, թե արդյոք տուժող կողմի ներկայացուցիչը նպատակ ունի քաղհայցից հրաժարվել, ինչին ի պատասխան պարոն Բալոյանը հավելեց, որ դա պարզապես իր կարծիքն է:
Այս առնչությամբ ելույթով հանդես եկավ Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ ամեն ինչի կգնա, որպեսզի տեղի ունենա հաշտեցում: