Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում այսօր շարունակվեց Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանն ընթերցեց Էդգար և Էդուարդ Հակոբյանների դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: Ըստ փորձագետի՝ երիտասարդների ստացած վնասվածքները սովորաբար մարդկանց մոտ առաջացնում են առողջության համար ծանր վնաս:
Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ երիտասարդների ստացած վնասվածքները եղել են գոտկատեղից վերև, ուստի գազի բալոնի և առջևի նստատեղի սեղմումը չէր կարող տղաների մահված պատճառ դառնար, ինչպես պնդում է պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Դատախազ Դավիթ Սարգսյանի կարծիքով՝ գազի բալոնի հարցն այս կոնտեքստում քննարկելը ճիշտ չէ, ինչին դեմ արտահայտվեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն էլ դատախազին հորդորեց թույլ տալ իր պաշտպանին խոսել նրա մասին, ինչն, ըստ իրենց, կարևոր է: Ամբաստանյալը զարմացավ, թե ինչո՞ւ «ս» տառը կարող է դառնալ քննարկման առարկա, իսկ գազի բալոնը՝ ոչ:
Դատական նիստը շարունակվում է:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net