Վարդան Պետրոսյանի գործի քննությունը սկսվելուն պես վատացավ տուժողներ Հայկ Հակոբյանի ու Արթուր Հակոբյանի առողջական վիճակը: Նրանց շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Դատական նիստն ընդմիջվեց: Ավելի ուշ կողմերը կարծիք հայտնեցին շարունակել դատական նիստն առանց տուժողների:
Վարդան Պետրոսյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար դատարան ներկայացած ֆրանսիացի երկու փաստաբանները ներգրավվեցին գործով: Նրանց հետ դատարան էր ներկայացել նաև ֆրասերենից-հայերեն և հակառակ թարգմանություն կատարող Հասմիկ Խաչատրյանը: Պարզվեց` նրան հրավիրել էր պաշտպանական կողմը:
Դատախազ Արթուր Սարգսյանը նշեց, որ ըստ օրենքի գործով թարգմանիչ պետք է ապահովվի դատարանը և նա չպետք է լինի գործի ելքով չշահագրգռված անձ, մինչդեռ այս պարագայում հակառակն է: Նա միջորդեց թարգմանչին գործում չներգրավվել: Դատարանը որոշեց դիմել Դատական դեպարտամենտին թարգմանիչ տրամադրելու համար: Վարդան Պետրոսյանը համաձայնեց, որ այս դատական նիստին իր շահերի պաշտպանությունն իրականացնի միայն Նիկոլայ Բաղդասարյանը:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատավարության մասնակիցներին բացատրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց անհապաղ ազատ արձակել Վարդան Պետրոսյանին` նշելով, որ չպատճառաբանելով նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, դատավորն օրենք է խախտել:
Վարդան Պետրոսյանը միացավ պաշտպանին ու հանդես հայտարարությամբ: Նա կրկին դիմեց տուժող կողմին` նշելով, որ կալանքի տակ գտնվելու պատճառով է, որ չի կարողացել անձամբ գնալ ու ներողություն խնդրել նրանցից:
«Ես հայր եմ, ես գիտեմ` ինչ է կորուստը, ես ամբողջ կյանքում Ձեզանից ներում պետք է խնդրեմ», -ասաց Վարդան Պետրոսյանը:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: