Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործի քննությունը: Տուժողներն ու տուժողների իրավահաջորդները չէին ներկայացել դատական նիստին և խնդրել էին իրենց բացակայությամբ անցկացնել նիստը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հայտնեց, որ դատարան է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժնից որոշում, որով մերժվել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի` իր կյանքին վտանգ սպառնալու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար քրեական գործ հարուցելու մասին դիմումը:
Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ իր դիմումի շրջանակներում, երբ իրեն հրավիրել են բացատրություն տալու, ծանուցագիրը ուշ է ստացել և չի կարողացել ներկայանալ ոստիկանություն, սակայն փոխանցել է հեռախոսով, որ նման տիպի գործերը հանրային մեղադրանքի գործեր են և բնավ պարտադիր չէ, որ իր բողոքը լինի դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու համար:
Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ապացույց ներկայացրեց հիմնավորելու նախորդ դատական նիստի ժամանակ դատարանում ցուցմունք տված, Վարդան Պետրոսյանի խմածությունը ստուգած բժշկի հայտնածի հակառակը: Ըստ բժիշկ Համազասպ Գևորգյանի` հնարավոր էր ալկոմետրը, որով չափել են Վարդան Պետրոսյանի ալկոհոլ օգտագործած լինել, չլինելը, խմածություն ցույց չտար, եթե դրա մեջ մղված օդը բավարար չափով չմղվեր: Նաիրի բժշկական կենտրոն ուղղված հարցմանն ի պատասխան, պարզվել է, որ սարքի մեջ բավարար չափով օդ չմղվելու դեպքում, ալկոմետրն անգամ 0 արդյունք ցույց չէր տա: Նման տեղեկատվություն էր ստացել նաև սարքի մասին ինտերնետից թարգմանած նյութից:
Դատախազ Արթուր Սարգսյանը գնահատեց «տքնաջան աշխատանքը», սակայն նշեց, որ այդ տվյալներն ապացուցողական նշանակություն չունեն: Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ այդ տվյալների ներկայացումը նպատակ է հետապնդում լրացնել բժշկի բաց թողած, հակասական ցուցմունքը դատարանում: Դատավորը որոշեց ապացույցները կցել քրեական գործին:
Հաջորդ միջնորդությամբ Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց հնարավորություն տալ Վարդան Պետրոսյանին ցուցմունք տալու հենց այս դատական նիստի ժամանակ: Կողմերը չառարկեցին, Ռուբեն Բալոյանի մեկ միջնորդության մերժումից հետո սկսվեց ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի հարցաքննությունը:
Նա նախ նշեց, թե ինչու նախաքննության փուլում ցուցմունք չի տվել` բացատրելով, որ սկզբում քննիչը փորձել է մի քանի անգամ իրենից ցուցմունք կորզել առանց իր փաստաբանի բացակայությունը հաշվի առնելու, ապա իրեն կալանավորելուց հետո գործում կարևոր մի շարք փաստաթղթի պատճեններ նախաքննության մարմինը հրաժարվել է տալ իր պաշտպանին, և ինքը` որպես բողոքի նշան, որոշել է ցուցմունք չտալ: Ավելի ուշ նրա ցուցմունքը չտալը կապված է այն հանգամանքի հետ, որ ինքն ամեն գնով ցանկացել է հաշտության հասնել տուժող կողմի հետ և քանի որ տուժողներն ամբողջությամբ այլ բան են պատմել վթարից, քան ինքը կպատմեր, նախընտրել է այդ փուլում լռել:
«Շատ էր քննարկվում իմ ցուցմունք տալու, չտալու հարցը, շատերն ասում էին տղամարդկություն էլ չունի ցուցմունք տալու համար, բայց ես կասեմ` այդ պարագայում տղամարդկություն էր ցուցմունք չտալը, լռելը»,- նշեց Վարդան Պետրոսյանը:
Նա դեպքի օրվա մասին պատմեց, որ «Չէին սպասում» հաղորդման նկարահանող խումբը գնացել է Սարալանջ գյուղում գտնվող իր տուն, նկարահանել են, ապա որոշել են միանգամից նկարահանել նաև «Քաղցած չէին սպասում» հաղորդումը: Այդ ժամանակ դերասանը զանգահարել է իրեն հյուր գնալու պատրաստված իր քրոջն ու մյուս երկու ազգականներին, որպեսզի ճանապարհից որոշ գնումներ կատարեն: Ամբաստանյալի խոսքով` այդքան շատ քննարկված հարցը` իրենք նկարահանման օրը օղի խմել են, թե ոչ, հնարավոր է հեշտությամբ պարզել հեռուստաէկրանից դուրս մնացած կադրերը նայելով, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ջուր լցրել շշի մեջ և մի կադրում էլ Վարդան Պետրոսյանը օղի բառի փոխարեն ջուր է ասել, ապա նորից են կրկնել կադրը: Նա նշեց, որ ինքը դեպքի հաջորդ օրը ներկայացում է ունեցել և սովորություն չունի ներկայացումից օրեր առաջ, ընթացքում կամ հետո ալկոհոլ օգտագործելու:
Կոնկրետ ավտովթարի մասին հայտնեց, որ ինքը մեքենան վարել է աջ կողմով, կողնակին մոտ, նկատել է իր մեքենայից մի փոքր աջ գտնվող, հետընթաց լույսերը վառ մի մեքենա, որը կտրուկ ձախ է թեքվել և ինքը մի քանի անգամ իր մեքենայի հեռակա լույսերը մոտակայի է փոխել և հակառակը, ապա արգելակել է, փորձել մանևրել, սակայն մեքենաների բախում է տեղի ունեցել ճանապարհի բանուկ մասում:
Ցուցմունքի վերջում դերասանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստերի վրա, երբ Հայաստանում մարդիկ փողոցում իրար են կրակում, «մի դեպուտատի» երաշխավորությամբ չեն կալանավորվում, իսկ իր պարագայում տասնյակ հազարների հասնող անձանց, այդ թվում` հայտնի աստղերի երաշխավորությունը խափանման միջոցը փոփոխելիս հաշվի չառան:
Վարդան Պետրոսյանը ցուցմունքն ավարտելուց հետո պատասխանեց Նիկոլայ Բաղդասարյանի մի շարք հարցերին, ապա դատախազ Արթուր Սարգսյանի և դատավոր Վաղինակ Մկրտչյանի հարցերին, սակայն, ինչպես ավելի վաղ էր հայտարարել, հրաժարվեց պատասխանել Ռուբեն Բալոյանի և Զարուհի Վարդանյանի հարցերին: Հակառակ դրան` տուժող կողմի փաստաբանները իրենց հարցերը հնչեցրեցին` առանց պատասխան ակնկալելու: Դրանցից 4-ը հանվեց` ոչ վերաբերելի լինելու համար:
Դատական նիստն ընդմիջվեց Եղվարդի ոստիկանության հատուկ պահպանման տարածքում քարեկան գործով ապացույցները հետազոտելու համար:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net