Մայիսի 17-ին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը աշխատանքային շրջայց է իրականացրել մի շարք քրեակատարողական հիմնարկներ: ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ իրականացրած այցի ընթացքում նախարարը հանդիպել է այնտեղ պահվող ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:
Հայտնի է, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, իսկ Վարդան Պետրոսյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն մեր երկրում, այլև Սփյուռքում, և մասնավորապես ֆրանսաբնակ մեր հայրենակիցների մոտ:
Այդ առումով նորանշանակ նախարարը բազմաթիվ դիմումներ և հարցադրումներ է ստացել, որոնք վերաբերվում են հայտնի դերասանի պահման պայմաններին, նրա առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պահպանության հարցերին: Նշված խնդիրներին անձամբ տեղեկանալու համար Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ այցելած նախարարը հետաքրքրվել է դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրեց վերջինիս պահման պայմանները:
Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից բացարձակ որևէ բողոք չունի: Նա ընդգծել է նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը, հայտնել է, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին:
«Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենահայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- պատմել է դերասանը՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել:
Վարդան Պետրոսյանը շնորհակալությունը է հայտնել նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար: Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն է հայտնել դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի և համոզմունք է հայտնել, որ դատարանը կկայացնի օրինական և արդար որոշում: Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը՝ նշեց, որ Վարդանի երկրպագուներից է, վերջինիս նվիրել է Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք:
Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն: