Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ Համազասպ Գևորգյանին՝ «Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրությունների միջև առկա հակասությունները պարզելու համար»:
«Նախորդ դատական նիստի ժամանակ հետազոտվեց Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրությունը, որից հետո տուժող կողմը կասկածներ հայտնեց նշված արձանագրության մեջ «օրգանիզմի հետազոտությունը» մասում, «հետազոտման արդյունքը» սյունակի դիմաց նշված «սթափ» բառի վերաբերյալ: Բացի վերը նշվածը, «հետազոտման արդյունքը» սյունյակում պետք է նշված լիներ թվեր, մինչդեռ նշված սյունակում թվերը բացակայում են, իսկ դրանց փոխարեն գրված է «սթափ» բառը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Նրա խոսքով՝ «սթափ» բառի «ս» տառը պարզ տեսանելի է, որ ուղղված է կամ ջնջված: Բացի դա «սթափ» բառը պետք է գրված լիներ «եզրակացություն» սյունակում, որը կատարվել է Նիվայի վարորդ Արթուր Հակոբյանի դեպքում:
«Տուժող կողմի մոտ կասկածներն էլ ավելի խորացան, երբ ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց իր կողմից «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Ա. Վերանյանին կատարված հարցման օրինակը և դրան կից վարորդի՝ Վարդան Պետրոսյանի, սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության 2-րդ օրինակի պատճեն: Պաշտպանի կողմից ներկայացված արձանագրության, ինչպես իրենք են ասում, 2-րդ օրինակի մեջ «արտաշնչված օդի հետազոտությունը» մասի 1-ին ենթակետում, մեթոդը նշված է «ալկոմետր, արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ»: Մինչդեռ քրեական գործի 1-ին հատորի գթ. 18-ում առկա նույն Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության, ինչպես իրենք են ասում, բնօրինակում «արտաշնչված օդի հետազոտությունը» մասի 1-ին ենթակետում, մեթոդը նշված է «ալկոմետր» բառը և բացակայում է «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ» նախադասությունը»,- նշեց Ռուբեն Բալոյանը: Սակայն դատարանից նրան տրամադրված դատական գործի նյութերին կցված աթափության վիճակի զննության արձանագրության մեջ նշված է «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ» բառակապակցությունը:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ինքը հարցմամբ դիմել է բժիշկ Համազասպ Գևորգյանին և ստացել մի շարք հարցերի պատասխաններ: Բժիշկը հաստատել է, որ սթափության վիճակի վերաբերյալ արձանագրություն է կազմվել, որտեղ գրված է եղել «սթափ»: Նույն տվյալներն արձանագրվել նաև հիվանդանոցի՝ խմածության վերաբերյալ մատյանում, որը համարվում է խիստ հաշվառման մատյան:
«Երևում է, որ «ս»-ն գրելուց գրիչը չի գրել, նորից է գրել»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ նախաքննական մարմինը ևս արձանագրել է, որ Վարդան Պետրոսյանը վթարի ժամանակ սթափ է եղել, և այդ վկային դատարան հրավիրելով՝ դատարանը դուրս է գալիս մեղադրանքի ծավալից:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը համամիտ էր պաշտպանի հետ:
Դատախազ Արթուր Սարգսյանը կողմ էր վկային դատարան հրավիրելուն: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց միջնորդությունը բավարարել: Դատական նիստը շարունակվում է:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net