Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` հունվարի 29-ին տեղի ունեցավ Վարդան Պետրոսյանի գործով վերջին դատական նիստը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց դատավճիռը:

Համաձայն դատարանի վճռի` Վարդան Պետրոսյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի ժամկետով, նա զրկվեց վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Դատական նիստին չէին ներկայացել տուժողները: Դատարանի վճռով Վարդան Պետրոսյանից պետք է բնագանձվի 2 մլն 150 հազար ՀՀ դրամից ավելի չափով գումար:

Հիշեցնենք` դատախազը միջնորդել էր Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված հոդվածով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:

Այսպիսով` Վարդան Պետրոսյանը մեղավոր ճանաչվեց այն բանում, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայով հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասի: Մահացել է երկու քաղաքացի, ևս չորսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` դատարանն իր դատավճիռով իրավիճակային լուծում է տվել. «Դատական ակտն այնքանով մեզ չէր գոհացնում, որովհետև մենք համոզված ենք, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում, բայց սա մարտավարական խնդիր է: Մենք այլ դատական գործեր ենք բացել` Եվրոպական դատարանում, Սահմանադրական դատարանում, Հատուկ քննչական ծառայությունում, երբ հասնենք արդյունքի, կկարողանանք Վարդան Պետրոսյանին ազատ արձակել»,- փոխանցեց պարոն Բաղդասարյանը:

Նա նաև վստահեցրեց, որ շուտով Վարդան Պետրոսյանը ազատության մեջ կլինի` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախատեսվում է համաներման ակտ. «Այն կտարածվի նաև Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Եթե հանկարծ այնպես ստացվի, որ տուժող կողմը որոշի բողոքարկել վճիռը, Վերաքննիչ դատարանը ստիպված կլինի կարճել այն ու Վարդան Պետրոսյանին ազատ արձակել: Ես համոզված եմ, որ ապրիլ ամսին Վարդան Պետրոսյանը անկախ ամեն ինչից կլինի ազատության մեջ»,- նշեց պարոն Բաղդասարյանը:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել