Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում դատավոր Յուրի Բաղդասարյանը մերժեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը:
«Միջնորդությունս մերժեց` դատական նիստն էլի հետաձգելով: Ենթադրում եմ, որ իրենք դատ չեն ուզում անել, սպասում են, որ նախաքննությունն ավարտվի, որպեսզի հետո պատճառաբանեն, որ Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դրա համար բողոքս չեն կարող քննել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` ժամանակին նման դատական պրակտիկա է եղել. «Բայց Կրոմվել Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանը այլ որոշում կայացրեց. միջդատական վարույթը վերջացել էր, բայց քննության առարկա դարձրեց և բավարարեց բողոքը»:
Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` գործով որոշում կայացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել է դատարանին. միայն անհրաժեշտ է բացատրություններ ներկայացնել և վերջ. գործի քննությունը ձգձգելու հիմք չկա:
Փաստաբանի փոխանցմամբ` շուտով կավարտվի Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունը:
Հիշեցնենք, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք է հանդիսացել Յուրի Բաղդասարյանի որոշումը` Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննությունը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:
Ըստ դատավորի հիմնավորման` Վարդան Պետրոսյանի գործն առնչվում է պետական և ծառայողական գաղտնիքի հետ:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բողոքարկում է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշումը:
Նա արդեն մեկ անգամ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ դատավորը, նախքան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում կայացնելը, քննիչից էլեկտրոնային եղանակով ստացել է միջնորդությունը և աշխատել այդ նույն տեքստի վրա. Դատարանի որոշման և քննիչի միջնորդության տեքստի մեջ կրկնվում են նույն տառասխալները, ավելի թողնված պրաբելներն ու կետադրական սխալները: Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը:
Նունե Հովսեփյան