Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կսկսվի ապրիլի մեկին: Բողոք էին ներկայացրել մեղադրող դատախազը՝ պատժաչափի մասով և տուժող կողմի ու իրավահաջորդների փաստաբանը՝ քաղհայցի մասով:
Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց. «Մենք բնական է՝ առարկում ենք նրանց բողոքների դեմ, մանրամասն մեր առարկությունները կներկայացնենք դատարանում»: Փաստաբանն ակնկալում է, որ Վերաքննիչ դատարանը կմերժի բերված բողոքները:
Փաստաբանի հետ զրուցեցինք նաև մինչ այս շրջանառվող հաշտության հարցից, պարոն Բաղդասարյանը շեշտեց, որ հաշտությունն այս գործերով բարոյական կատեգորիա է և այն իրավական ոչինչ չի առաջացնում. «Այսինքն՝ երկու ընտանիքների հաշտությունը միայն կբերեր բարոյական հետևանքների, մարդիկ չէին մնա թշնամության ներքո, ես այն տեսակետն ունեմ, որ իրականում այդ հաշտությունը թույլ չտվեցին տեղի ունենալ: Հիմա երկու կողմերն էլ կարող են իրենց փաստարկը ներկայացնել»:
Այդուհանդերձ փաստաբանի համոզմամբ՝ պետք է գիտակցել մի բան. «Վարդան Պետրոսյանը ոչ մի շահ չուներ չհաշտվելու մեջ: Նա շահագրգռված էր, որ հաշտություն տեղի ունենա: Այլ բան է, որ մյուս կողմում մարդիկ կային, ովքեր շահագրգռված էին, որպեսզի Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու համար ապահովեին տուժողների բողոքը, իսկ տուժողներին հեշտ էր հրահրել Վարդան Պետրոսյանի դեմ. իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն էին փոխանցում տուժողներին, որ օրինակ՝ Նիկոլայ Բաղդասարյանը մահացած երեխաների քառասունքի օրը վթարի «3D» մոդելավորման տեսանյութն է հրապարակել կամ էլ գումար է առաջարկել, որ նրանք գան և մեղավոր ճանաչվեն և նման այլ բաներ: Այսինքն՝ տուժողները չեն ընկալում այն ճշմարտությունը, որ Նիկոլայ Բաղդասարյանն ու Վարդան Պետրոսյանն իրենց դեմ բացասաբար չեն տրամադրված և որևէ խնդիր չունեն»: