Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մարդիկ այնտեղ չեն ուղղվում, ընդհակառակը հանցագործ են դառնում. Վարդան Պետրոսյան

«Ես ձերբակալությունից չեմ փախչել, ես առաջին իսկ օրն ասել եմ, որ պատրաստ եմ կրել իմ պատիժը օրենքի ողջ խստությամբ»,- Վերաքննիչ քրեական դատարանում Վարդան Պետրոսյանն այսօր բավականին զայրացած տոնով արձագանքում էր տուժող կողմի բեված բողոքին:

Նա սկսեց ամենասկզբից` այս գործի նախաքննական փուլից: Անդրադարձավ մի քանի ծանրացուցիչ հանգամանքների, որոնք բողոքում արձանագրել էր տուժող կողմը: Պարոն Պետրոսյանը մասնավորապես մեջբերեց տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի պնդումը, որ «Հանցանքը կատարելուց հետո գտնվելով Էրեբունի ԲԿ-ի կենտրոնում այլ բաժանմունք տեղափոխվելու փոխարեն, ամբաստանյալը անհետացել էր որևէ քննիչի տեսադաշտից` խուսափելով պատասխանատվությունից»: Ամբաստանյալը պնդեց հակառակը, նա նշեց, որ դուրս է գրվել, որովհետև ցուցում կար նաև տանը բուժվել և խուսափելու նպատակ չի ունեցել:

Նա իր ասածը հիմնավորեց ինչպես վկաների ցուցմունքներով, այնպես էլ քննիչի արձանագրություններով. «Ես ոչ տեսադաշտից եմ կորել, ոչ էլ փախել եմ, քննիչն էլ հրաշալի իմացել է իմ գտնվելու մասին»: Անդրադառնալով ձերբակալմանը` Վարդան Պետրոսյանը բավականին զայրացած տոնով հայտնեց, որ քննիչն իմանալով` ինքը քրոջ տանն է, մի քանի բնակավայր է մեկնում, լինում է գյուղում, և ամենավերջում այցելում քրոջ տուն` դերասանին ձերբակալելու համար:

Դերասանը խոսեց քաղաքացիական հայցից` նշելով, որ ինքը երբեք չի ասել, թե հրաժարվում է վթարի արդյունքում տուժած Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալ, այլ չի պատրաստվում վճարել տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ` Ռուբեն Բալոյանի և Զարուհի Վարդանյանի փաստաբանական աշխատանքի գումարը:

«Ես հրաժարվել եմ վճարել ոչ թե Տաթևիկ Հակոբյանի համար, այլ փաստաբանի աշխատանքի համար, ես այդ աշխատանքը չեմ գնահատում որպես խելամիտ: Առաջին իսկ օրվանից ես ասել եմ` պատրաստ եմ ծախսերը հոգալ»,- նշեց Վարդան Պետրոսյանը` դիմելով տուժողների իրավահաջորդ` Նաիրա Հայրապետյանին. «Այսօր մենք դարձել ենք թշնամիներ, ինչո՞ւ ամիսներ ձգձգել` Տաթևիկի համար փորձաքննություններ իրականացնելու համար, ինչքա՞ն եք Դուք շարունակելու, տիկին Նաիրա, դատարանների դռներով գնալ: Մարդիկ այնտեղ` բանտում չեն ուղղվում, ընդհակառակը հանցագործ են դառնում»:

Այսօր դատական նիստին միջնորդություն ուներ Ռուբեն Բալոյանը, նա միջնորդեց Տաթևի Հակոբյանի առողջական վիճակը պարզելու համար հետազոտություն իրականացնել` պարզելու նաև բուժման գումարի չափը: Մեղադրող դատախազն իր խոսում նշեց, որ այս միջնորդույթամբ տուժող կողմը ոչինչ չի հասնի: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց մի պայմանագիր` հիմնավորելով, որ դերասանը մշտապես պատրաստ է եղել վճարել Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը, սակայն տուժողը չի գնում բուժման:

Վարդան Պետրոսյանը միջնորդության մասին դիրքորոշում հայտնելով կրկին դիմեց դատական նիստերի դահլիճում ներկա տուժողի միակ իրավահաջորդ Նաիրա Կարապետյանին. «Ինձ ինչքան կնստեցնեն, ոնց կնստեցնեն, բայց հիշեք, որ այ փորձաքննությունը` փաստաբանի խելամիտ աշխատանքի արդյունքը գործը ձգելու միտում է ունեցել: Այս ամենը նմանվում է Թումայանի «Շունն ու կատվին»` «Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն», դուք եք մեղավոր, մենք ենք մեղավոր, դուք եք մեղավոր»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Դատավորները գնացին խորհրդակցական սենյակ` վերադառնալով մերժեցին միջնորդությունը: Դատարանը նաև անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը՝ այսպիսով մերժելով մեղադրող դատախազի և տուժող կողմի բերված բողոքները:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանըՎարդան Պետրոսյանին դատապարտել էր 5 տարի ազատազրկման՝ նրան զրկելով վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Դատարանի վճռով Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառվել էր բռնագանձում 2 մլն 150 հազար ՀՀ դրամից ավելի չափով գումար: Մեղադրող դատախազը բողոք էր բերել ազատազրկման, իսկ տուժող կողմը՝ քաղաքացիական հայցի մասով, որով պահանջվում էր դերասանից բռնագանձել 12 մլն  500 հազար ՀՀ դրամի չափով գումար: Այս հայցի մեջ մտնում էր նաև տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսը:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել