Դերասան Վարդան Պետրոսյանի գործով այսօր նշանակված դատական նիստը տապալվեց: ՀՀ դատական դեպարտամենտի կողմից գործուղված թարգմանիչ Հռիփսիմե Հարությունյանը չէր կարողանում պատշաճ թարգմանություն կատարել: Դրա արդյունքում դատական նիստին ներկայացած Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Տոզեն չէր կարողանում պատշաճ իրականացնել իր պաշտպանյալի պաշտպանությունը:
Մարի Տոզեն միջնորդություն էր պատրաստել դատարանին ներկայացնելու, սակայն այն ուղեկցվում էր ոչ ամբողջական թարգմանությամբ, ժամանակ առ ժամանակ սխալներով: Այն առաջացնում էր նիստերի դահլիճում ներկա և ֆրանսերեն լեզվին տիրապետող անձնանց զայրույթը:
Արդարադատության նախարարի կողմից թարգմանչի որակավորում տրված Հռիփսիմե Հարությունյանը դատարանում խոստովանեց, որ մինչև օրս դատարանում բանավոր թարգմանություն չի կատարել, այլ՝ միայն գրավոր: Մարի Տոզեի պատրաստած միջնորդությունն այդպես էլ մինչև վերջ լսել չհաջողվեց, քանի որ նշեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շարունակել խոսել:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը թարգմանությունն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը կոմիկական, ծիծաղելի համարեց: Այդ խոսքերից հետո տուժող կողմը սկսեց նիստերի դահլիճից խոսել: Դատավորը սանկցիա կիրառեց տուժողներ Արթուր և Հայկ Հակոբյանների նկատմամբ և նրանց դուրս հրավիրեց նիստերի դահլիճից, ապա ևս մի քանի անձի: Նախազգուշացում ստացավ նաև ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը «կոմիկական, ծիծաղելի» բառերի համար և դատավորի՝ որակումներ տալը դադարեցնելու պահանջին չենթարկվելու համար:
Դատախազ Արթուր Սարգսյանը ևս կարծում էր, որ շարունակել նման որակով թարգմանություն կատարել նպատակահարմար չէ: Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն առաջարկեց դեռևս նախնական դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմի հրավերով դատարան ներկայացող թարգմանիչ Հասմիկ Խաչատրյանին թույլատրել թարգմանություն կատարել և մինչև վերջ լսել Մարի Տոզեի միջնորդությունը: Դատարանը չթույլատրեց:
Նշենք, որ դատարանը Հասմիկ Խաչատրյանին գործով թարգմանիչ չէր ներգրավվել հաշվի առնելով այն, որ օրենքի պահանջն է, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ պետք է թարգմանիչ հրավիրի և այն, որ թարգմանիչը պետք է լինի գործի ելքով չշահագրգռված անձ: Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ հետ է վերցնում մինչև այդ արված միջնորդությունը, թե ցանկանում են հետաձգել դատական նիստը մինչև նոր թարգմանիչ կամ ևս մեկ թարգմանիչ կներգրավվի գործով, քանի որ Մարի Տոզեն մի քանի օրից մեկնում է Հայաստանից: Նա պետք է կարողանա ավարտին հասցնել իր ներկայացրած միջնորդությունը: Ֆրանսիացի փաստաբանը շարունակեց իր միջնորդության ներկայացումը, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվեց՝ վատ թարգմանության պատճառով:
Դատավորը ստիպված եղավ հետաձգել դատական նիստը մինչև մայիսի 21-ը:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net