Դերասան Վարդան Պետրոսյանի գործի քննությունը սկսվելուց հետո դատավոր Վաղինակ Մկրտչյանը նիստերի դահլիճից հեռացրեց ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի օգնական, փաստաբան Սլավիկ Պողոսյանին: Նա նստել էր պաշտպանական կողմի համար նախատեսված վայրում: Նիկոլայ Բաղդասարյանը դատավորի համար օրենքից քաղվածքներ էր հանել ցույց տալու համար, որ փաստաբանի օգնականն իրավունք ունի գտնվելու դատավարության կողմերի համար նախատեսված վայրում:
Օգնական, փաստաբան Սլավիկ Պողոսյանը փորձեց դիմել դատարանին: Վաղինակ Մկրտչյանը թույլ չտվեց խոսելու, քանի որ ըստ նրա՝ նա դատավարական կողմ չէ: Սլավիկ Պողոսյանը հրաժարվեց լքել նիստերի դահլիճը՝ նշելով, որ դատավարական կողմերի համար նախատեսված վայրից դուրս կգա միայն այն դեպքում, եթե իր նկատմամբ դատական սանկցիա կիրառվի:
Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատավորի գործողություններն ապօրինի համարեց՝ նշելով, որ դրանով դատավորը խանգարում է փաստաբանության ինստիտուտի զարգացմանը Հայաստանում: Պաշտպանը հայտնեց, որ այդ հարցով նա կդիմի Փաստաբանների պալատ, անգամ Սահմանադրական դատարան:
Դատական նիստը շարունակվում է: