Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդում է դադարեցնել քրեական հետապնդումը Վարդան Պետրոսյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Իրավաբան.net–ի թղթակիցը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրից:
Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց և քրեական գործի նյութերին կցվեցին մի շարք փաստաթղթեր: Այդ փաստաթղթերից մեկով նշվում էր, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վայրը եղել է բնակավայրի սահմանից դուրս: Հետևաբար Վարդան Պետրոսյանն իրավունք ուներ այդ հատվածում մեքենան վարել մինչև 90 կ/ժ արագությամբ, մինչդեռ ըստ դատախազության առաջադրած մեղադրանքի՝ նա ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ:
Նիկոլայ Բաղդասարյանը մի շարք այլ փաստարկներ ևս ներկայացրեց իր միջնորդությունը հիմնավորելու համար:
Դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժողներ և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը խնդրեցին մերժել միջնորդությունը, քանի որ գործով դեռևս չեն հետազոտվել բոլոր ապացույցներն ու հանգամանքները:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել մինչև գործով էական հանգամանքների պարզումը: