Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանը քաղհայցով հանդես եկավ:
Նա դատարանից խնդրեց տուժող Արթուր Հակոբյանի դուստր` տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման, հետագա վերականգնողական և փոխադրման համար Վարդան Պետրոսյանից բռնագանձել 10 մլն 165 հազար ՀՀ դրամ, որոնցից շուրջ 443 հազար 213 ՀՀ դրամը` բուժման և վերականգնողական ծախսերը հոգալու համար, 200 հազար ՀՀ դրամը տուժողի վիրահատության ծախսի: Փաստաբանը նշեց նաև, որ շուրջ երկու տարի տուժողը պետք է վերականգնողական բուժում անցնի, ընդհանուր արժեքը հաշվարկել են 7 մլն 830 հազար ՀՀ դրամի չափով, այդ ընթացքում նա չի կարող երթուղային տրանսպորտով տեղափոխվել, պետք է հոգալ նաև տաքսու ծախսերը, ընդհանուր փոխադրման ծախսերը հաշվարկվել է 1 մլն 440 հազար ՀՀ դրամ: Վարդան Պետրոսյանը, ըստ Ռուբեն Բալոյանի հայցի, պետք է փոխհատուցի նաև Տաթևիկ Հակոբյանի փաստաբանի ծախսերը:
Տուժող Արթուր Հակոբյանի բուժման համար փաստաբանը խնդրեց դատարանից Վարդան Պետրոսյանից բռնագանձել բուժման համար` 145 հազար 800 ՀՀ դրամի չափով գումար, փաստաբանի խելամիտ վարձատվության համար` 1 մլն ՀՀ դրամ, ընդհանուր փոխհատուցումը Արթուր Հակոբյանի մասով կազմեց` 1 մլն 145 հազար 800 ՀՀ դրամ:
Տուժող Նաիրա Հայրապետյան վնասի չափը, պարոն Բալոյանի քաղհայցի հաշվարկներով, կազմում է 400 հազար ՀՀ դրամ, տուժող Էդգար Հակոբյանի իրավահաջոդր Աննա Կարապետյանի պատճառված և հատուցման ենթակա վճարի գինը 450 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձավճար: Տուժող Հայկ Հակոբյանին փաստաբանական ծառայություն մատուցելու համար պաշտպանը խնդրեց բռնագանձել 250 հազար ՀՀ դրամ, նույնը նաև Էմմա Հակոբյանի պարագայում:
Ընդհանուր գումարը կազմում է շուրջ 12 մլն 500 հազար ՀՀ դրամ: Վարդան Պետրոսյանի պաշտպանները առարկեցին, նշելով, որ հիմնավորումները խելամիտ չեն: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ քաղհայցի հաշվարկները անհասկանալի են: Փաստաբանը դատարանից խնդրել հատկացնել ողջամիտ ժամանակ քաղհայցի հանգամանքներին ծանոթանալու և ծախսերը հստակեցնելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության` Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: