Ինպես արդեն տեղեկացրել ենք այսօր դեկտեմբերի 17-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կրկին վերսկսվեց Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը: Այսօրվա նիստին տուժողների, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը` վնասի փոխհատուցման քաղաքացիական հայց ներկայացնելու հիմքով:
Ռուբեն Բալոյանը իր հայցով մեկ առ մեկ թվարկեց տուժողներին պատճառված ֆինանսական վնասի չափը: Նա դատարանից խնդրեց տուժող Արթուր Հակոբյանի դուստր` տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման, հետագա վերականգնողական և փոխադրման համար Վարդան Պետրոսյանից բռնագանձել 10 մլն 165 հազար ՀՀ դրամ: Փաստաբանը նաև մյուս տուժողների փոխհատուցման մասով թվեր ներկայացրեց, որոնք կհրապարակենք քիչ ավելի ուշ: Տուժողի մայրը կարծիք հայտնելիս նշեց. «Թող մնա իր խղճի վրա»:
Վարդան Պետրոսյանը իր դիրքորոշումը հայտնելիս անդրադարձավ Տաթևիկ Հակոբյանի բուժման և վերականգնման ծախսերին: Նա ասաց. «Հենց հիմա ես կարող եմ կյանքս տալ Տաթևիկի կյանքի համար: Դուք մոռացել եք, թե ինչ էինք մենք անում նրա վերականգման համար: Ես շատ ցավում եմ, որ մենք այսօր այս իրադրության առաջ ենք կանգնած: Տաթևիկի բուժումը պետք է սկսվեր փետրվարից: Դուք մայր եք, երկու երեխա կորել են, կարծես իմ տղան ու իմ աղջիկը կորած լինեն: Տաթևիկը հիվանդ է, նա պետք առողջանա: Այս թվերը գումարեցին-բաժանեցին, ինձ համար մի քիչ անսպասելի է, ես մի քիչ ուրիշ բան էի սպասել: Ինչ վերաբերում է խղճին, որի մասին Դուք խոսեցիք, հավատացեք, որ իմ խիղճը մի բան է ուզում, միայն մի բան` Տաթևիկի շուտափույտ առողջացում»:
Համաձայն մեղադրական եզրակացության` Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: