Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի օգնական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սլավիկ Պողոսյանը բավականին շատ դատական նիստերի է մասնակցել՝ որպես փաստաբանի օգնական, և որևէ դատավոր որևէ խոչընդոտ չի առաջացրել այդ հարցում:
Այս մասին Իրավաբան.net-ին հետ զրույցում ասաց Սլավիկ Պողոսյանը՝ հավելելով, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում դերասան Վարդան Պետրոսյանի գործով իր՝ որպես պաշտպանի օգնականի դատարանում հանդես գալն արգելելն անօրինական է եղել:
«Քրեական դատավարության օրենսգրքի» 1-ին հոդված համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:
«Փաստաբանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասն ասում է, որ սույն օրենքի իմաստով փաստաբանի օգնականի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին, որը օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից հետևյալ բացառություններով ու այդ բացառություններից 1-ի մեջ նշում է, որ փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու դատարանում կամ մինչդատական վարույթում քննչական կամ դատավարական գործողություններին` առանց իր ղեկավար փաստաբանի: Հետևությունն այն է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը համապատասխանում է «Քրեական դատավարության օրենսգրքին»:
Օրենսգրքում չկա որևէ նորմ, որն ասի, թե որտեղ են նստում կողմերը և ընդհանրապես չի արգելում փաստաբանի օգնականի ներկայությունը»,- բացատրեց փաստաբանը:
Նա նշեց, որ դատավոր Վաղինակ Մկրտչյանի կողմից իր նկատմամբ դատավարական սանկցիա կիրառելու և նիստերի դահլիճից դուրս հանելու համար կդիմի Փաստաբանների պալատի նախագահին, որպեսզի իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկի փաստաբանի օգնականի իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ:
«Չնայած «Քրեական դատավարության օրենսգրքով» դատավարական սանկցիա կիրառելու մասին որոշումն այն որոշումների շարքին չի պատկանում, որն իրավունք ունես բողոքարկելու, ամեն դեպքում իմ իրավունքն է խախտվել: Ես Սահմանադրության նորմերի անմիջական ուժով իրավունք ունեմ իմ նկատմամբ կիրառված ցանկացած պատասխանատվության միջոց բողոքարկել համապատասխան վերադաս ատյաններում: Ես կփորձեմ բողոքարկել Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան: Եթե չղեկավարվեն «Քրեական դատավարության օրենսգրքով», այլ Սահմանադրությամբ և Սահմանադրության նորմերի անմիջականությամբ ղեկավարվելով վարույթ ընդունեն, շատ ավելի լավ, եթե վարույթ չընդունեն՝ բողոք կներկայացնենք Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմները հակասահմանադրական ճանաչելու համար»,- ասաց Սլավիկ Պողոսյանը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ սահմանադրական մի շարք իրավունքներ են խախտվել:
«Նախ առաջինը դատական պաշտպանության իմ իրավունքը կխախտվի, եթե վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը դատական սանկցիա կիրառելու մասին որոշման դեմ բողոքս չընդունի և չքննի, երկրորդ՝ տեղեկատվության ազատության իրավունքս է խախտվում. ես հնարավորություն չեմ ունենում ներկա գտնվել դատական նիստին և լսել, երրորդ՝ խախտվում է տեղաշարժման իմ իրավունքը, քանի որ ապօրինի է եղել իմ նկատմամբ կիրառված սանկցիան»,- կարծում է փաստաբանի օգնականը:
Նունե Հովսեփյան