Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբանի Ռուբեն Բալոյանի և մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց:
Գործը պետք է քննվեր վճռաբեկության կարգով, նիստից առաջ նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը լրագրողներին խնդրեց միայն սկզբի 20 րոպեն նկարահանել, թեև նիստը 20 րոպեից ավելի չտևեց:
Միջնորդությամբ հանդես եկան Վարդան Պետրոսյանի պաշտպաններ Նիկոլայ Բաղդասարյանն ու Սամվել Ջաղինյանը:
Նրանք նշեցին, որ ֆրանսիաբնակ փաստաբաններ Ժերար Չոլաքյանը և Մարի Լոր-Դոզեն ժամկետների ուշացմամբ են ստացել առաջին ատյանի դատարանի դատավճռի թարգմանված տարբերակը, իսկ վերաքննիչ բողոքներն ընդհանրապես չունեն: Փաստաբանները մեջբերեցին 2012թ. հոկտեմբերի 16-ին ՍԴ որոշումը, որտեղ նշվում է, որ կողմի բողոքարկման ժամկետը սկսվում է որոշումը ստանալու պահից, այլ ոչ թե դատավճռի հրապարակումից հետո, նրանք նաև ներկայացրեցին վերաքննիչ դատարանի նախադեպային որոշում, որը համընկնում էր այս իրավիճակին և դատարանը որոշել էր նիստը հետաձգել:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ առաջին ատյանի դատավճիռը թարգմանված տարբերակով ստացել է մարտի երկուսին և այն հնարավորինս շուտ ուղարկել է Մարի Լոր-Դոզեին. «Եկեք ընդունենք, որ փաստաբանն այն ստացել է հենց մարտի երկուսին, ստացվում է, որ մեկամսյա բողոքարկման ժամկետը դեռ չի ավարտվել»,- շեշտեց պաշտպանը:
Ուստի կողմը միջնորդեց դատական նիստը հետաձգել, չանցնել մեղադրանքի բողոքի քննությանը. «Հնարավորություն տալով՝ մինչև վաղը իմ վստահորդի պաշտպանների միջոցով բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը, բացի այդ բոլոր փաստաթղթերը` վերաքննիչ երկու բողոքները թարգմանված ունենալ»,- միջնորդություն անելիս ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Կողմերը չառարկեցին, դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 21-ը:
Ի դեպ, նիստի ավարտին Վարդան Պետրոսյանը Ձեռքերը պարզեց, որպեսզի ոստիկանը ձեռնաշղթաներ անցկացնի, սակայն նա դա չարեց ու առանց ձեռնաշղթաների ուղեկցեց ամբաստանյալին:
Գևորգ Թոսունյան