Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: Փաստաբանն Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ նա դատարանում վիճարկում էր Հատուկ քննչական ծառայության գործողությունը, որն քրեական գործ չէր հարուցել իր դիմումի հիման վրա, իսկ փաստաբանը ՀՔԾ էր դիմել` ընդգծելով, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից հետո քննչական գործողություններն իրականացվել են օրենքի խախտումներով.
«Հատուկ քննչական ծառայությունն, ըստ էության, իմ դիմումի հիման վրա չէր քննարկել նյութերը, փորձաքննություններ և տարբեր քննչական գործողություններ չէր իրականացրել»,- փոխանցեց պարոն Բաղդասարյանը` հավելելով, որ սա առաջին քայլն է. «Սրանից հետո պետք է քննիչները բավարարված որոշման հիման վրա կատարեն քննչական գործողություններ: Կատարած գործողությունները, ինչպես նաև իմ կողմից ներկայացվելիք այլ ապացույցները հիմք կտան, որպեսզի նոր երևան եկած հանգամանքով մտնենք դատարան ու Վարդան Պետրոսյանի դատական ակտը բեկանենք»,- տեղեկացրեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք` առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման:
Իրավաբան.net