Դերասան Վարդան Պետրոսյանին չեն հոսպիտալացնի: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին րոպեներ առաջ հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը հաշվի առնելով նրան չեն հոսպիտալացնի:
Իրավաբան.net-ն արդեն հայտնել էր, որ դերասան Վարդան Պետրոսյանը ճնշման տատանման և շնչառական խնդիրների պատճառով այսօր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և հետազոտում է անցնում:
Շուշան Հունանյանն Իրավաբան.net-ին հայտնել էր, որ ավելի ուշ` հետազոտությունների պատասխանից հետո, պարզ կդառնա` Վարդան Պետրոսյանին կհոսպիտալացնեն, թե` ոչ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում որոշում է կայացվել ձերբակալել դերասան Վարդան Պետրոսյանին: Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ վթարը տեղի էր ունեցել Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում : Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում` Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարը` Hetq.am-ի