Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություն ներկայացրած քննիչը դատարանում չի կարողացել հիմնավորել միջնորդությունը: Այս մասին Իրավաբան.net-ին քիչ առաջ հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 10-ին Վարդան Պետրոսյանին հարցաքննելու վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել, իսկ Վարդան Պետրոսյանը չի հրաժարվել հարցաքննությունից, պարզապես նա պահանջել է փաստաբանի ներկայությունն իր հարցաքննության ժամանակ: Այս փաստերը քննիչը չի կարողացել հիմնավորել:
Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ քննիչը կալանավորման միջնորդությունը կարողացել է հիմնավորել է միայն այն մասով, որ Վարդան Պետրոսյանի մոտ է գտնվում Ֆրանսիայի քաղաքացիության անձնագիրը, որը պաշտպանը հանձնել է քննիչին:
Այս պահին դատավորը խորհրդակցական սենյակում է: Պաշտպանը հույս ունի, որ քննիչի միջնորդությունը կմերժվի: