Այսօր` նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Վարդան Պետրոսյանի դատական նիստը: Մինչ այս պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, ըստ որի` դատարանից խնդրում էր անթույլատրելի ապացույց ճանաչել 2013թ. հոկտեմբերի 20-ի Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքի վայրի զննության արձանագրությունը: Պաշտպանական կողմը նաև ներկայացրել էր իր միջնորդությունը հիմնավորող մի շարք փաստաթղթեր:
Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ներկայացնելով իր առկայությունն` ասաց, որ պաշտպանական կողմն հիմք է ընդունել նաև «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության հետազոտությունը. «Ընդամենը մեկ երկու լուսանկարների հիման վրա Աքիլես հկ-ի հետևություններ անելը, շատ հեռու է մասնագիտական եզրակացույթունից»,- ասաց փաստաբանը:
Նա նաև անդրադարձավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից դեպքի վայրում կատարված տեսագրությանը, որը օգտագործել է պաշտպանական կողմ: Պարոն Բալոյանը նշեց, որ այն չի կարող հիմք հանդիսանալ և ներկայացնել դեպքի վայրի զննության ամբողջական պատկերը, քանի որ Գագիկ Շամշյանի տեսնյութի տևողությունը ընդամենը 7 րոպե է, մինչդեռ քննչական գործողությունները տևել են ժամից ավելի:
Եզրահանգելով` փաստաբանն ասաց. «Դատարանին խնդրում եմ պաշտպանական կողմի` դեպքի վայրի զննության արձանագրության անթույլատրելիության մասին միջնորդությունը մերժել` անհիմն լինելու պատճառաբությամբ»:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց պաշտպանական կողմի միջնորդության քննությունը հետաձգել` դրա վերաբերյալ որոշում կայացնել խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս:
Այսօր պաշտպանական կողմը հանդես եկավ այլ միջնորդությամբ: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ պաշտպանական կողմը ձեռագրաբանական փորձաքննության է ենթարկել ընթերականերից Գրիշա Գասպարյանի ստորագրությունը, որն առկա է արձանագրության մեջ: Նրանք այն ուղարկել են արտասահմանցի փորձագետին, ով պատասխանել է, որ այն «ամենայն հավանականությամբ չի կատարվել Գրիշա Սարգսյանի կողմից, այլ նրա նմանակումով»:
Ամբաստանյալի մյուս պաշտպանը` Սամվել Ջաղինյանը շեշտեց, որ ընթերական անգամ դատարանում չկարողացավ բացատրություն տալ այն մասին, ինչի տակ ստորագրել էր: Փաստաբանը նաև ընդգծեց, որ հայ փորձագետները հրաժարվել են ձեռագրաբանական փորձաքննության ենթարկել նշյալ ստորագրությունը. «Էտ գործի հետ գործ չունենք, նման կերպ էին պատասխանում ձեռագրաբանները մեզ, նրանք հրաժարվել են առնչվել Վարդան Պետրոսյանի գործի հետ, ես անձամբ երկու ձեռագրաբանի մոտ եմ եղել»,- ասաց պաշտպանը:
Կողմը միջնորդեց դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկել ստորագրությունը, դատախազն ու տուժող կողմի ներկայացուցիչները չառարկեցին: Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Վերադառնալով մերժեց որոշումը։