Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հարկ լինի մինչև 2018 թվականը գործի քննություն կիրականացնենք. դատավոր

Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի դատարանում շարունակվեց Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը, որի ընթացքում հարցաքննվեց դեպքի վայրում զննություն կատարող մասնագետը:

Այսօրվա նիստին հարցաննվեց Կոտաքի մարզային վարչության փորձաքննագիտական խմբի փորձագետ Թորգոմ Եգորյանը: Նա տեղեկացրեց, որ եղել է դեպքի վայրում, մասնակցել է զննությանը, կատարել լուսանկարահանում:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը կասկածներ ուներ արձանագրության հետ կապված, մասնավորապես Եգորյանի պաշտոնի առումով, փաստացի նա հանդիսանում է փորձագետ, սակայն դեպքի վայրում եղել է որպես մասնագետ` կատարելով միայն լուսանկարահանումներ, մինչդեռ արձանագրության մեջ ստորագրել է փորձագետին առնչվող հատվածում:

Այս հարցերի շրջանակը պարզելու ընթացքում, անընդհատ առարկում էր մեղադրող կողմը, երբ առաջին անգամ դատախազը ցանկանում էր արտահայտել իր առարկությունը, փաստաբանը նշեց, որ վերջինս մտադրված է հուշել վկային, որին ի պատասխան մեղադրող դատախազն ասաց. «Ամեն օր տեսնում եմ փորձագետին, եթե հուշելու բան լիներ, արդեն հուշել էի»: Այսքանով բանավեճը չավարտվեց. «Ցավում եմ, որ մենք ընկել ենք այս անիմաստ թեմայի հետևից: Այս անձը դեպքի վայրում ներկայացել է որպես մասնագետ: Դատավարությունը վեր ենք ածել դիվիդենտներ հավաքելուն: Սա արդեն ապսուրդի է վերածվում»,- ասաց դատախազը, իսկ վկան նշեց. «Քանի որ ձևաթղթի մեջ չկա փորձագետ գրված, ես ստորագրել է այն մասում, որտեղ որ բոլորը, ըտեղ էր համար»:

Ուշագրավ է, որ երբ խոսքը գնաց վկայի` որպես մասնագետի գործունեության մասին, նա պնդեց, որ իրենց գործողությունները չի կարգավորվում ՀՀ օրենսդրությամբ. «Մեր գործունեությունը կարգավորվում է նախկին սովետական միության իրավական ակտով»,- ասաց նա, որին հաջորդեց դատավորի հարցը. «Հայաստանի Հանրապետության որևէ իրավական նորմով առաջնորդվե՞լ եք»,- վկան ասաց, որ դեռ ոչ, օրենքը լրամշակման փուլում է:

Նա նաև տեղեկացրեց, որ դեպքի վայրում լուսանկարել է թվային ֆոտոխցիկով, պաշտպանը ցույց տվեց լուսանկարներ, որոնք արված են գործի հետ չառնչվող տեսախցիկով, ն ասաց, որ կան հետքեր, որոնք ֆիքսված չեն արձանագրության մեջ: Օրինակի համար` ֆիքսված չեն «Նիվա» մակնիշի մեքենայի կողմից թողնված հետքեր, թափված հեղուկի մասին խոսք չկա, ինչը լուսանկարել է վկան, սակայն վերջինս պատասխանեց. «Եթե հետք կա, ուրեմն բոլորին է տեսանելի, նկարել եմ, քննիչը եթե արձանագրության մեջ չկա, ուրեմն քննիչը ավելի մանրամասն զննելով, երևի համոզվել է, որ այդ դեպքը չի վերաբերում գործին»:

Այս ընթացքում շարունակվում էր պաշտպան-մեղադրող-դատավոր բանավեճը: Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտարարության տեսքով կրկնեց նախորդ դատական նիստում իր կողմից ասվածը. «Եթե այսպես շարունակվի մինչև 2015 թիվը չենք ավարտվի», «Հարկ լինի մինչև 2018 թվականը գործի քննություն կիրականացնենք»,- պատասխանեց դատավորը: «Արդեն մեկ ժամ 30 րոպե ջուր ենք ծեծում, խնդրում եմ այս հայտարարությունը արձանագրել»,- դժգոհեց մեղադրող դատախազը:

Այդուհանդերձ, վկայի հարցաքննությունը շարունակեց դատավորը, նա նշեց, որ կողմերից մեկը փաստաթղթեր է ներկայացրել, որոնք հաստատում են` երկրորդ ընթերական չի մասնակցել քննչական գործողություններին և ընդհանրապես այդպիսի մարդ չկա. «Հնարավոր չի, որ չլինի, ես մեկին ճանաչում եմ, մյուսը ճաղատ մարդ էր, անունը չգիտեմ, բայց հաստատ եղել է: Ընթերակային գործի մեջ ներգրավելով նրանից անձնագիր չենք ուզում, միգուցե սուտ տեղեկություն է տրամադրել»:

Այսօրվա դատական քննությունը հետաձգվեց, քանի որ դատավորը այլ դատական նիստ ուներ նշանակված: Այն կշարունակվի հոկտեմբերի 17-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել