Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Փոխադարձ մեղադրանքներ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական դատական նիստը:

Դատախազ Արթուր Սարգսյանը, ով վերաքննիչ բողոք էր բերել առաջին ատյանի դատարանի վճռի պատժի մասով, Վերաքննիչում հայտարարեց, որ դատավճիռը անհիմն է և շատ մեղմ` մասնավորապես այն հիմքով, որ ամբաստանյալը չի զղջացել իր արարքի համար. «Վարդան Պետրոսյանը հանցավոր ինքնավստահություն է դրսևորել, ինչն էլ խոսում է այն մասին, որ հանցագործությունը ավելի վտանգավոր է»,- ասաց նա:

Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանի խոսքերով՝ Առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առներ հանցագործության կատարման հանգամանքները, հանցագործության մեջ մեղավորության աստիճանը, պայմանները և պատճառները, դրանից հետո Վարդան Պետրոսյանի վարքագիծը, մինչդեռ, ըստ պարոն Բալոյանի, դրանք անտեսվել են:

«Հաշվի չի առնվել, որ պատահարը տեղի է ունեցել Պետրոսյանի կողմից գերազանցաված արագության և հեռախոսով խոսելու պատճառով: Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել Վարդան Պետրոսյանի ոչ օրինաչափ լինելու հանգամանքը, անարադարացիորեն անտեսել է , որ կա 6 տուժող` 2 մահ և 4 հոգու առողջությանը վնաս հասցնելու հանգամանքը»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը, հիմնավորելով իր վերաքննիչ բողոքը, նշեց, որ ավտովթարի արդյունքում տուժած Տաթևիկ Հակոբյանի մոտ առկա են 15-ից ավելի կոտրվացքներ և հիվանդը կարիք ունի երկարատև բուժման, որը պետք է տևի շուրջ 2 տարի: Նաև 1.5-2 տարի չի կարող օգտվել հանրային տրանսպորտից: Փաստաբանի փոխանցմամբ՝ կան բոլոր ապացույցները և համապատասխան տեղեկանքները, որոնք փաստում են իր խոսքերը. «Եթե Տաթևիկի մոտ ժամանակի ընթացքում առաջանան առողջական անբուժելի խնդիրներ, ապա դրա մեղավորը և պատասխանատուն նույնպես Վարդանն է»,- նշեց փաստաբանը:

Ի պատասխան Ռուբեն Բալոյանի խոսքերի՝ ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել Վարդան Պետրոսյանի` հեռախոսով խոսելու վարկածը, արագության գերազանցումը և այլ հանգամանքները և դրանք ներկայացված են քրեական գործի նյութերում:

Տաթևիկ Հակոբյանի բուժման մասով Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ մասնագետների կողմից տրված եզրակացությունը, թե աղջիկը մոտ երկու տարի չի կարող օգտվել հանրային տրանսպորտից, չի ենթադրում, որ նա պետք է 2 տարի անընդմեջ բուժում ստանա. «Չկա հիմնավոր ապացույց բուժման հստակ տևողության ու չափի վերաբերյալ, դա միայն նրանց հետևություններն են»: Պարոն Բաղդասարյանը հիմնավորեց, որ Տաթևիկը պետք է հատուկ հետազոտություն անցներ, ինչն էլ կհստակեցներ այդ ամենը, սակայն աղջկան չեն տարել հետազոտության:

Տուժողներից Արթուր Հակոբյանը տեղից ռեպլիկ արեց՝ դիմելով Նիկոլայ Բաղդասարյանին. «Մի քիչ հայ տղամարդու նման քեզ պահի ու ճիշտ բաներ խոսա՝ դու պիտի ասես, թե՞ մենք մեր երեխուն ոնց բուժենք»:

Դատարանում վիճաբանությունը շարունակվեց նաև Վարդան Պետրոսյանի հարազատների կողմից տուժող կողմին տրված 20 հազար ԱՄՆ դոլարի չափով գումարի շուրջ:

Տուժող Նաիրա Հայրապետյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանի կողմից տված գումարը եղել է «Վարդանի խղճի համար» և դատարանին ներկայացրեց կողմերի հանդիպումից ձայնագրություն, որում, ըստ իր խոսքերի, կան բոլոր պայմանավորվածությունները և խոսակցությունները:

Տուժող կողմի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու համար այլ դատական նիստի գնալու համար: Տուժող կողմը խոստացավ հաջորդ նիստին միջնորդություն ներկայացնել նոր դատաբժշկական փորձաքննություն անելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 5-ին `ժամը 15:30-ին:

Հերմինե Վիրաբյան
Իրավաբան.net

loading...

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել