Փաստաբանների պալատ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, Վարչական վերաքննիչ դատարան. դասընթացներից զատ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրները հնարավորություն են ունենում նաև այցելել տարբեր մարմիններ, մասնակցել դատական նիստերի՝ այսպիսով խորացնելով պրակտիկ հմտությունները: Երկամսյա այս դպրոցը նրանց ընձեռնում է այնպիսի հնարավորություներ, որ չի տվել տարիներ տևող բուհական կրթությունը.
«Պրակտիկ մենք տեսնում ենք, թե օրինակ՝ ինչպես է դատական նիստն ընթանում: Ճիշտ է, որ դասընթացների ընթացքում նաև հանդիպումներ ունենանք: Ես կոնկրետ բուհում չեմ ունեցել նմանաբնույթ հնարավորություններ, այո, պրակտիկայի հնարավորություններ ունենում ենք, սակայն դատարան դեռևս համալսարանի շրջանակներում չենք այցելել»,- մեզ հետ զրույցում ասաց 3-րդ կուրսի ուսանող, դպրոցի ունկնդիր Շուշան Շահինյանը:
Այս դպրոցի մյուս ունկնդիր Լիլիթ Ֆանարջյանի համար նմանաբնույթ հանդիպումները առավել մեծ դեր են կատարել, քան պարզապես գիտելիքներ ձեռք բերելը. «Ճանաչողության տեսանկյունից շատ լավ անդրադարձ են այս հանդիպումներն ունենում, որովհետև այցելելով տարբեր մարմիններ՝ մենք հասկանում ենք, թե որտեղ կցանկանայինք մեր գործունեությունը որպես իրավաբան ծավալել»,- այս տեսանկյունից Լիլիթի համար առանցքային դեր ունի դպրոցի շրջանակներում Փաստաբանների պալատ կատարած այցելությունը. «Ես կցանկանայի ապագայում փաստաբանական ծառայություններ մատուցել, Փաստաբանների պալատի այցելությունը շատ մեծ նպաստ ունեցավ իմ որոշման կայացման համար, արդեն ներքին կառուցվածքին ծանոթանալ՝ կարողացա ուղենշել իմ հետագա անելիքները, մինչ այդ պալատի ղեկավար կազմի հետ հանդիպումներ չեմ ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ հերթական հանդիպումը Վճռաբեկ դատարանում էր, այս դատարանի Քրեական պալատի դատավորներից Ելիզավետա Դանիելյանը ներկայացրեց դատարանի կառուցվածքն ու գործառույթները. «Վճռաբեկ դատարանն ունի հատուկ իրավասություն և իրականացնում է ոչ սովորական գործառույթ, դա հենց պայմանավորված է սահմանադրական նշանակությամբ, որ դրված է դատարանի վրա` օրենքների միատեսուկության գերծանր ու բարդ խնդիրը: Մեր առաջնային խնդիրներից, որ մենք կարողանանք լայն հասարակությանը ներկայացնել, որ սա սովորական դատարան չէ, այլ հիմնական նպատակը` օրենքների միատեսակ կիրառության ապահովումն է, որը բնականաբար հնարավոր չէ իրականացնել բոլոր գործելով»,- ասաց դատավորը՝ հավելելով, միայն 2015թ. Վճռաբեկ դատարանի քրեական պալատում ստացվել է 1455 բողոք, դրանց բոլորին ընթացք է տրվել, բնականաբար դատարանը չի կարող բոլոր գործերն ընդունել վարույթ. «90 տոկոս դեպքերում, երբ դատարանը վարույթ է ընդունում գործը, ուրեմն վստահ եղեք, որ պետք է կարևոր խոսք ասի, հակառակ դեպքում անիմաստ է վարույթ ընդունել: Այդ խոսքը հետագայում կարող է ուղորդող նշանակություն ունենալ դատարանների և դատական պրակտիկայի համար»:
Երիտասարդ իրավաբանները տարբեր հարցեր ուղղեցին, օրինակ՝ հարց հնչեց Վճռաբեկ բողոք գրելու նրբությունների վերաբերյալ. «Վճռաբեկ բողոք գրելիս մենք ինչի՞ վրա ուշադրություն սևեռենք, որ բողոքն ընդունվի վարույթ»,- հետաքրքրվեց ունկնդիրներին Թագուհի Փիրուզյանը. «Առաջին հերթին պետք է ինքներդ ձեզ համար ապացուցեք, թե ինչքանով է բողոքը համապատասխանելու այս երեք հիմքերին՝ միատեսակ կիրառություն, դատական սխալ ու նոր երևան եկած հանգամանքներ: Մինչև գրելը հարկավոր է ուսումնասիրական հետազոտություն կատարել, ինչպես օրինակ՝ գիտական աշխատանք իրականացնելիս, երբ մենք խնդիր ենք ձևավորում, կազմում աշխատանքային պլան, սկսում ենք գրականություն ուսումնասիրել: Նշեմ նաև, որ այսօր բավականին մատչելի է դարձել Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, Դատալեքս տեղեկատվական համակարգում առկա են բոլոր նախադեպային որոշումները: Դուք պետք է ցույց տաք, թե ձեր քննարկվող հարցը ինչով է հակասում նախկինում ձևավորված նախադեպային իրավունքին»:
Հարց հնչեց նաև կին և տղամարդ դատավորների իրավահավասարության վերաբերյալ, կին դատավորը մի դեպք հիշեց. «Նախորդ տարի ես և ևս 7 կին դատավորներ գործուղման էիք մեկնել ԱՄՆ, որտեղ հանդիպեցինք նույն սեռի դատավորների: Նրանց հարցերը մեզ զարմացրին, նրանք հետաքրքրվում էին, թե արդյոք հավասար են վերաբերվում մեզ՝ կանանց դատական համակարգում: Փաստորեն, ԱՄՆ-ի նման երկրում այս խնդիրները դեռ արդիական են, մինչդեռ Հայաստանում կին դատավորիների նկատմամբ շատ դրական են վերաբերվում, որևէ խտրականություն չկա, դեռ ավելին՝ կին լինելը երբեմն արտոնեություն է»,- ասաց տիկին Դանիելյանը:
Իսկ վերջում դատավորն ասաց. «Երբ դու դատավոր ես, հասարակության մշտական ուշադրության կենտրոնում ես ու չպետք է վախենաս քննադատված լինելուց, քննադատությունները հարկավոր է ընդունել համբերատարությամբ և հասկանալ դրանց էությունը»:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Վերաքննիչ վարչական դատարանի նախագահն ընդունեց Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրներին
Թեմաներն ուսումնասիրվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Պայմանագիր կազմելու շատ նրբություններ չգիտեի, սովորեցի գրագետ կազմել. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը
«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար