Վահան Քերոբյանի գործով քննությունը շարունակվում է, դատարանը հարցաքննել է վկային

Հակակոռուպցիոն քրեական դատարանում՝ նախագահությամբ Մերի Մոսինյանի, այսօր՝ հոկտեմբերի մեկին անցկացվեց  էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և Աշոտ Հովհաննիսյանի դատական նիստը։

Iravaban.net-ի հաղորդմամբ, նիստին ներկա էին հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը, պաշտպաններ Գոռ Օհանյանը, Վաչե Սիմոնյանը, Տիգրան Եգորյանը։ Դահլիճում էին նաև մեղադրյալները և վկա Աշոտ Սողոմոնյանը։  Մեղադրյալ Աշոտ Հովհաննիսյանը առարկել է դատավարության տեսանկարահանմանը։

Նիստը սկսվեց վկայի հարցաքննությամբ, վկան հաստատեց, որ մինչ այս իր կողմից տրված բոլոր տեղեկությունները եղել են օբյեկտիվ իրականությանը համապատասխան։

Գևորգ Սարգսյանը անդրադարձավ վկայի հարցաքննություններից մեկին, որը հակասությունների պատճառ է դարձել։ Վկա Աշոտ Սողոմոնյանը,որը նաև հանդիսացել է գնահատող հանձնաժողովի անդամ, վերահաստատեց, որ գնման գործընթացում քվեարկել է «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» ընկերության օգտին, քանի որ ընկերության հաղթանակը նախընտրելի է եղել նախարար Վահան Քերոբյանի համար։ Բավարար և համապատասխան է համարել նաև  «Հարմոնի»  ընկերության ներկայացրած փորձառությունը, բայց դեմ է քվեարկել այս ընկերությանը։ Նշեց նաև, որ Քերոբյանը բազմիցս նշել է, որ համագործակցությունը պետք է շարունակել «Սիներջի» ընկերության հետ։ Այս տեղեկությունը վկան ստացել է Անի Իսպիրյանից։ Վահան Քերոբյանը նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին, ով հանդիսացել է նաև  վերը նշված ծառայության ձեռքբերման նպատակով ստեղծված գնահատող հանձնաժողովի նախագահը։

Վկայի հարցաքննության մի մասից հետո Գևորգ Սարգսյանը միջնորդեց հրապարակել նաև վկայի՝ հունվարի 31-ի ցուցմունքը, նշելով, որ կան հակասություններ վկայի տված  նախաքննական և դատարանում տրված ցուցմունքներում։

Դատարանը քննարկելով միջնորդությունը, նշեց, որ նախկինում դատարանը տվել է թույլտվություն  հարցաքննության ձայնագրությունները հրապարակելու, բայց դրանց չափազանց մեծ ծավալի պատճառով փոխադարձ համաձայնության են եկել, որ հրապարակվի միայն փետրվարի 2-ի ձայնագրությունը։ Հիմնավորեց որ ցուցմունքները, հակասութունների առումով նույնական են եղել։

Ի վերջո որոշվեց հրապարակել ցուցմունքի միայն վերաբերելի հատվածը՝ վերջին 30 րոպեն։

Ներկաները լսեցին վկայի հարցաքննության՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի արձանագրությունը։

Ցուցմունում վկան նշել էր, որ իր և Անի Իսպիրյանի մեջ եղել են շուրջ 10 հանդիպում-քննարկում, երբ Անի Իսպիրյանը տեղեկացրել է, որ Վահան Քերոբյանը ուզում է Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման ծառայությունների ձեռքբերման գործընթացը վստահել «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» ընկերությանը։

Դատավոր Մերի Մոսինյանի հարցին, թե ի վերջո որն է եղել պատճառը «Սիներջի» ընկերության օգտին քվեարկելու, վկան պատասխանեց,- «Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, քվեարկել եմ այդպես, քանի որ Անի Իսպիրյանից իմացել եմ, որ այդ ընկերությունը նախարարի  նախընտրելի թեկնածուն է եղել։ Անի Իսպիրյանի կողմից ինձ փոխանցված կարծիքի հիման վրա է եղել քվեարկությունը»։

Վկան իր ցուցմունքներում, ըստ էության երկու պատասխան է տվել նույն հարցին։ Մի դեպքում նշել է, որ քվեարկել է իր համոզմունքով, որ «Հարմոնի»  ընկերությունը չի բավարարում ներկայացվող պահանջներին, մյուս դեպքում նշել է, որ նախարարի դիքորոշման հիման վրա։ Եվ նշեց, որ տևական ժամանակ անցնելու պատճառով չի հիշում, թե ինչու է նման պատասխան տվել։

Պաշտպան Տիգրան Եգորյանը փորձեց ճշտել, թե որևէ տրավմա ստացե՞լ է վկան այս ժամանակահատվածում, որը կարող էր ազդել հիշողության վրա։ Պատասխանը բացասական էր։ Դատախազ Գևորգ Սարգսյանը վիրավորական, նվաստացուցիչ որակեց տրված հարցը։ Դատավոր Մերի Մոսինյանը նշեց, որ դատարանը տրված վկայությունների արժանահավատությունը սստուգելու առաջնահերթություն ունի և հարցը, որը պարզում է վկայի առողջական դրությունը՝ չի պարունակում վիրավորական տարրեր։

Վկայի հարցաքննությունը, պաշտպանական կողմի հարցերը շարունակվելու են հաջորդ դատական նիստին։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նախնական դատական նիստը կանցկացվի նոյեմբերի 4-ին, ժամը 14։00-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Վահան Ռուբենի Քերոբյանին մաղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 26-ից զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և պատասխանատու լինելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդիրների ու գործառույթների, այդ թվում՝ մրցակցային պայմանների բարելավման, գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանման, կայուն տնտեսական զարգացման ու տնտեսական մրցակցության բարձրացման, ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման, հանրային ներդրումների արդյունավետության բարձրացման համար և իրականացնելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ, իրավասու լինելով իր տեղակալներին տալ ցուցումներ և հանձնարարականներ, իր տեղակալների՝ իրեն հաշվետու լինելու պայմաններում, որպես պաշտոնատար անձ իրավասու լինելով կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իր իշխանական և ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը ծառայեցրել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, կատարել է այնպիսի արարք, որը չի բխել իր լիազորություններից և դուրս է իր լիազորությունների շրջանակից, որի հետևանքով էական վնաս է պատճառվել կազմակերպության իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:
Աշոտ Պետրոսի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» բաժնետիրական ընկերության մասնաճյուղի տնօրենների խորհրդի նախագահ և ցանկանալով ապահովել նշված ընկերության անխոչընդոտ հաղթանակը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար 2022 թվականի հոկտեմբերին հայտարարված «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման ծառայությունների ձեռքբերման» գնման գործընթացում, Ընկերության աշխատակիցների հետ դրդել և օժանդակել է պաշտոնատար անձանց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին, ով հանդիսացել է նաև նշված ծառայության ձեռքբերման նպատակով ստեղծված գնահատող հանձնաժողովի նախագահը, նույն հանձնաժողովի անդամներ` Նախարարության իրավաբանական վարչության խորհրդական Աշոտ Սողոմոնյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, անցնել իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև իրենց լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել ի վնաս պետական և ծառայողական շահերի՝ այն ծառայեցնելով իր օգտին ապօրինի գործողություններ կատարելուն, որի հետևանքով էական վնաս է պատճառվել <<Հարմոնի>> տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության գարգացման հիմնադրամի իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել