Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան, Աջափնյակ, Հովհաննես Շիրազի փողոցի ձախակողմյան մաս հասցեում գտնվող, 18,293,121 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,0735 հա հողամասն ամրացվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Նաև մի փոքր պարզաբանեմ, թե ինչու ենք մենք նշում ձախակողմյան հատված, որովհետև փողոցի այդ հատվածը չունի կոնկրետ հասցե, թվով կամ կոտորակով, դրա համար հատվածը ուղղակի հստակեցված է, հստակեցված է մակերեսը, նաև նշեմ, որ հողամասն ունի նպատակային նշանակություն բնակավայրերի, այսինքն ի տարբերություն նախորդիվ մեր ամրացրած գույքերի, որոնք ենթակա չէին կառուցապատման, ենթակա չէին մասնավորեցման, այստեղ նպատակային նշանակությունը ինքնին հակառակի մասին է խոսում և այսուհետ կլինի պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության ներքո, ըստ այդմ արդեն կառավարությունը իրավազոր է որոշելու գույքի ճակատագիրը, ըստ այդմ նաև ճակատագիր որոշելուց հետո տալ նաև կոնկրետ հասցե»,- աասաց Աննա Վարդապետյանը։
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն 2025 թվականի հունիսի 2-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Կառավարության, Մարինե Վարդանյանի, երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Երևանի քաղաքապետի և Մարինե Վարդանյանի միջև 01.02.2003թ. կնքված թիվ 420-ԱԳ առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Վճռի հիման վրա 2025թ. օգոստոսի 5-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Աջափնյակ Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է. «Պետական և համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում վերջին 9 ամիսներին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 10 միլիոն 276 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույքի, 2 մանկապարտեզի և 1 մարզադաշտի տարածք, բռնագանձվել է 654 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 249 միլիոն դրամ: 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ օրս՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար»: