Նախընտրական քարոզչություն Վաղարշապատում․ սահմանափակումներն ու թեկնածուների իրավունքները

Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկում է հոկտեմբերի 22-ից եւ ավարտվում նոյեմբերի 14-ի ժամը 24։00-ին։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, նոյեմբերի 15-ին եւ 16-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, հոկտեմբերի 22-ից մինչեւ նոյեմբերի 16-ը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման:
Բարեգործության արգելքը
Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքի) անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:
Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։ Նշված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։
Քարոզչական պաստառներ
Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն (կուսակցությունների դաշինքներն) իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:
Դրանք կարող են տեղադրվել միայն՝

  • Համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա,
  • Վճարովի գովազդային վահանակների վրա,
  • Ընտրական շտաբների վրա,
  • Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի՝ միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա։

Արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։
Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:
Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:
Արգելվում են քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը:
Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը:
Քարոզչական պաստառները նոյեմբերի 15-ին եւ 16-ին կարող են մնալ իրենց տեղերում։

Վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը եւ նախընտրական քարոզչության սահմանափակումները
Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։
Նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումն արգելվում է ներքոնշյալ սուբյետներին՝

  • Հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
  • Պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
  • Դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, քննիչներ).
  • Ընտրական հանձնաժողովների անդամներին.
  • Բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.
  • Օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց.
  • Մարդու իրավունքների պաշտպանին.
  • Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին.
  • Հաշվեքննիչ պալատի անդամներին.
  • Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին.
  • ինքնավար մարմինների անդամներին.
  • Բարձրագույն դատական խորհրդի անդամներին.
  • Հանրապետության նախագահին․
  • Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություններին և դիտորդներին։
  • Ազգային ժողովի պատգամավորին, համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով սույն հոդվածի 1-ին մասում նշված վարչական ռեսուրսների օգտագործումը:
  • Հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.

Արգելվում է թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

Արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

Նախընտրական քարոզչությունը համացանցում
Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անվճար կամ վճարովի քարոզչություն իրականացնելիս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովում է ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համացանցում, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով, նախընտրական քարոզչությանը վերաբերող՝ վճարովի հիմունքներով նյութեր և տեսանյութեր կարող են տեղադրվել միայն թեկնածուի, կուսակցության կամ նրա ներկայացուցչի հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա՝ նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։
Նախընտրական քարոզչական նյութերի հրապարակումը պետք է ուղեկցվի «Նախընտրական քարոզչություն» լուսագրով, իսկ քարոզչական տեսանյութերի դեպքում՝ տեսանյութի վրա տեղադրվող «Նախընտրական քարոզչություն»՝ անընդմեջ ուղեկցվող լուսագրով։ Նախընտրական քարոզչական նյութերի և տեսանյութերի հրապարակումը պետք է տեղեկություններ պարունակի պատվիրատուի վերաբերյալ։
Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելքը
Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների՝ որպես թեկնածու գրանցված աշխատակիցներին, ինչպես նաև աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր ունեցող անձանց արգելվում է ընտրությունների լուսաբանումը, տեսալսողական հաղորդումների վարումը, բացառությամբ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված դեպքերի:
Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:
Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ լրագրողական հարցման արդյունքները հրապարակելիս հարցում իրականացնող զանգվածային լրատվության միջոցը, ինչպես նաև հարցման արդյունքները վերահրապարակող կամ լուսաբանող անձինք պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը։
Արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել