Ինչպես հաղորդում է Iravaban.net–ը, Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։ Այս նիստով ավարտվեց հիմնական դատալսումների փուլը։ Մեղադրյալները հանդես եկան եզրափակիչ ելույթներով։
Էրիկ Ալեքսանյանը եզրափակիչ ելույթում ասաց,- «Յուրաքանչյուր իրադարձություն իմ կյանքում ես միշտ դիտարկել եմ հետևյալ կերպ՝ դա կամ պատիժ է, կամ փորձություն, կամ պարգև։ Այս երեք տարիների հետապնդումը, մասնավորապես 3 տարի մեղադրյալի անվանականչը, 2 ամիս ԱԱԾ մեկուսարանում անցկացնելը և այս երեք տարիների ընթացքում քրեական հետապնդման մեջ գտնվելը, ինձ համար եղել է ինչպես պատիժ, պարգև, այնպես էլ՝ փորձություն։ Հարգելի Դատարան, ես անմեղ եմ, ուստի խնդրում եմ Ձեզ կայացնել արդարացի որոշում»։