Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործի վերաբերյալ

Հաշվի առնելով 2025 թվականի հոկտեմբերի 16-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2025թ. հոկտեմբերի 18‑ին քննարկել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը:

Հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիության համատեքստում:

Փաստաբանի անկախությունն ու իրավապաշտպան գործունեության ազատ իրականացումը պաշտպանված են մի շարք միջազգային փաստաթղթերով՝ ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի հիմնական սկզբունքներով» (Հավանա, 1990թ․), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածներով, Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայով, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով։

Հանձնաժողովը, նախ, խիստ մտահոգիչ է համարում տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ: Փաստաբանը ձերբակալվել է դատարանի բակում, դատական նիստից հետո, բիրտ ուժի կիրառմամբ, ինչը հանրային ընկալման տեսանկյունից կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ փաստաբանի մասնագիտության վրա: Ընդհանրապես հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անհամաչափ ուժի կիրառումն ընդունելի չէ յուրաքանչյուր պարագայում, բայց վերը նշված հիմնավորումների համատեքստում խնդիրն առավել սուր է փաստաբանի դեպքում: Իրավասու մարմինները պետք է հետևողական քննության առարկա դարձնեն առկա տեղեկությունները, և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձինք ենթարկվեն արարքին համարժեք պատասխանատվության: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերն ի սպառ բացառելու ուղղությամբ: Այլ պարագայում, տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչները նման գործելաոճով վրեժխնդիր են եղել փաստաբանի կողմից կատարված հրապարակման կապակցությամբ:

Խնդիրը հատկապես ցայտուն է Ալեքսանդր Կոչուբաևին վերագրվող արարքի համատեքստում: Այսպես, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որը պատասխանատվություն է նախատեսում՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, (…) մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի համար՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբան, ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ:

Նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում՝ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նշված անձանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:

Վերագրվող արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչի մասին է վկայում հոդվածի սանկցիան, հետևապես, նման պայմաններում ուժ կիրառելով ձերբակալելն արդեն իսկ չի կարող համարվել անհրաժեշտ և համարժեք ներգործության միջոց:

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա: Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, լինի դա վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, թե՝ կալանավորում, պետք է լինի ծայրահեղ միջոց, և այն պետք է գործնականում կատարվի վերը նշված պահանջներն ուղենիշ ունենալով:

Միևնույն ժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես, փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա վստահորդների՝ իր նախընտրած փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկվելու հանգամանքը: Նշված հանգամանքներից ելնելով՝ պետությունը պետք է շատ ավելի բարձր չափանիշով հիմնավորի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու և կալանավորելու անհրաժեշտությունը: Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեին, որպեսզի, վերը նշված չափանիշների պայմաններում, հիմնավորվեր, որ քրեական վարույթը չէր կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ կիրառվեր ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը:

Եվրոպական դատարանը Կումպընը և Մազարեն ընդդեմ Ռումինիայի գործով, որը վերաբերում էր լրագրողների դատապարտմանը վիրավորական հոդված հրապարակելու համար, գտավ, որ վիրավորանքի կամ զրպարտության համար ազատությունից զրկելը անհամաչափ միջոց է, նույնիսկ եթե արտահայտությունները կարող են դիտվել վիրավորական կամ սուր։

«Ազատությունից զրկումը խոսքի ազատության սահմանափակման ամենախիստ ձևն է և կարող է կիրառվել միայն բացառիկ հանգամանքներում, ինչպիսիք են՝ ատելության կոչերը կամ բռնության դրդումը։» (§ 115)

Դատարանն արձանագրել է, որ Ռումինիան խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, քանի որ լրագրողների նկատմամբ կիրառված ազատազրկումը չէր հանդիսանում «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։ (Cumpănă and Mazăre v. Romania, Մեծ պալատ, 17 դեկտեմբերի 2004թ, դիմ. № 33348/96):

Մարիապորին ընդդեմ Ֆինլանդիայի գործով  լրագրողը դատապարտվել էր դատավորի հասցեին քննադատական արտահայտությունների համար։ Եվրոպական դատարանը գտել է, որ խոսքի ազատության սահմանափակումը եղել է անհամաչափ․ «Նույնիսկ վիրավորական կամ սուր ձևակերպումներն են պաշտպանված 10-րդ հոդվածով, քանի դեռ դրանք չեն պարունակում բռնության կամ ատելության կոչեր։ Պետությունը չի կարող ազատությունից զրկումով պատժել կարծիքը՝ նույնիսկ կոպիտ ձևով արտահայտված լինելու համար» (§ 65)։ (Mariapori v. Finland, 6 հուլիսի 2010թդիմ 37751/07):

Այսպիսով, Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն՝

  • վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է,
  • նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց,
  • և պետությունները պարտավոր են ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր նման դեպքերում։

Անդրադառնալով Ալեքսանդր Կոչուբաևի բնակարանում, ավտոմեքենայում և փաստաբանական գրասենյակում իրականացված խուզարկությանը, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը.

Հանձնաժողովը հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» օրենքի 21‑րդ հոդվածի 2‑րդ մասով արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ:

Նույն հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Վստահորդների տրամադրած տեղեկությունների գաղտնիության պահպանումը փաստաբանի գործունեության էությունն է: Վերը նշված նորմերը կոչված են երաշխավորելու վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչներն անձեռնմխելի են, դրանք գտնվում են օրենքի պաշտպանության ներքո:

Փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիության հարցին, այդ թվում՝ միջազգային չափանիշներին, Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է իր նախորդ հայտարարություններով (տե՛ս օրինակ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ հրապարակումը, հասանելի է՝ https://advocates.am/news/view/2554.html հղումով):

Այդ չափանիշները պետությանը պարտավորեցնում են ապահովել փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիությունը:

Նույնիսկ առերևույթ հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ քննություն իրականացնելիս քրեական հետապնդման մարմինները պետք է ձեռնպահ մնան փաստաբանի վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիքի հասանելիություն ունենալուց: Այդպիսի գործողություններն անընդունելի են և արգելված:

Այս առումով ուշագրավ է Նիմիցն ընդդեմ Գերմանիայի գործով Եվրոպական դատարանի դիրքորոշումը, որում  Դատարանը պարզաբանեց, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածում օգտագործված «բնակարան» հասկացությունը ներառում է նաև փաստաբանական գրասենյակը․ «Փաստաբանի մասնագիտական գործունեության վայրի խուզարկությունը նույնքան միջամտություն է անձնական կյանքի և մասնագիտական գաղտնիքի նկատմամբ, որքան տանը իրականացվող խուզարկությունը» (§30)։

Գործը վերաբերում էր վիրավորական վարքագծի առնչությամբ քրեական վարույթի ընթացքում փաստաբանական գրասենյակը խուզարկելուն։ Դատարանն արձանագրեց, որ խախտվել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածը, քանի որ միջամտությունը համաչափ չի եղել հետապնդվող իրավաչափ նպատակին՝ հանցավորության կանխարգելման և այլոց իրավունքների պաշտպանության նպատակին և չի կարող անհրաժեշտ համարվել ժողովրդավարական հասարակությունում։

Դատարանը նշել էր, որ խուզարկությունը որը կատարվել էր ոչ միայն վիրավորական էր, այլ նաև փաստաբանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց էր։ Հաշվի առնելով գործի նյութերը, ՄԻԵԴ-ը համարեց, որ խուզարկությունը ոտնահարել էր մասնագիտական գաղտնիքն այն աստիճանի, որ անհամաչափ էր դարձել տվյալ իրավիճակում։ Մասնագիտական գաղտնիքի ոտնահարումը կարող է ազդել արդարադատության պատշաճ իրականացման՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի վրա (Niemietz v. Germany, 16 դեկտեմբերի 1992թ, դիմ. № 13710/88):

Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները և դիտարկելով դրանք Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ պետության դրսևորած արձագանքի համատեքստում՝ կարելի է հստակ արձանագրել հետևյալը.

  •   Վերագրվող փաստերը և Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան հանդիսանալու հանգամանքը հաշվի առնելով՝ վերջինիս նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:

 

  •   Ալեքսանդր Կոչուբաևին վերագրվող փաստերի առանձնահատկությամբ պայմանավորված վերջինիս փաստաբանական գրասենյակի, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությունը ՄԻԵԿ 8-րդ հոդվածի իմաստով անհամաչափ և նույնիսկ վիրավորական միջամտություն են:

 

  • Պետության ներկայիս գործելաոճը չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառում, ինչպիսին կալանավորումն է,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է վարույթի հանրային մասնակիցներից և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններից փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը ողջամտորեն կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել դրանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել