Հոկտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ծառայությունների վերաբերյալ» ազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։
Իր խոսքում Պաշտպանը շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Նա իր շնորհակալությունն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ կարևորելով նման հարթակների դերը ոլորտի հիմնախնդիրների, մարտահրավերների և ձեռքբերումների քննարկման, ինչպես նաև համատեղ լուծումների մշակման գործում. «Այս ոլորտում առկա են բազմաթիվ և բազմաշերտ խնդիրներ, և նման կառուցողական քննարկումներն էական նշանակություն ունեն՝ առկա խոչընդոտները հաղթահարելու և համակարգը զարգացնելու համար»։
Պաշտպանն անդրադարձել է մի շարք հիմնարար և համակարգային խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է ձևավորել համապատասխան պետական քաղաքականություն. «Խարանային և կարծրատիպային մոտեցումները, որոնք դեռևս առկա են հասարակության որոշ շերտերում, շարունակում են խոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական կյանքում։ Այս հարցում կարևոր է ոչ միայն պետական կառույցների, այլ նաև ամբողջ հասարակության ներդրումը՝ այդ խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ»։
Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ից։
Կրթության ոլորտը, հատկապես մարդու իրավունքների կրթությունը, ըստ Պաշտպանի, պահանջում է համակարգային վերանայում և արմատական բարեփոխումներ։
Մատչելիության հարցերը շարունակում են մնալ առկա ու խորքային խնդիր Հայաստանում։ Պաշտպանի կարծիքով, այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել նպատակային և շարունակական քաղաքականություն՝ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն ու արժանապատիվ կյանք վարելու հնարավորությունը։
Եզրափակելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ շարունակելու աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խթանման և հասարակության մեջ ներառականության բարձրացման ուղղությամբ։
Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնք, ԵՄ ներկայացուցչության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի ղեկավար Փոլին Լը Լևրը (Վորլդ Վիժն, Ֆրանսիա), «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը։
Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև պանելային քննարկում՝ ապաինստիտուցիոնալացում և համայնքահեն ծառայություններ թեմայով, որին որպես բանախոս մասնակցել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը։
Համաժողովն իրականացվում է «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։