«Շողակաթ» հանրային հեռուստաալիքի գործունեությանը վերաբերող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ հերթական նիստը, որի ընթացքում Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի նպատակն է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը երեքից դարձնել երկու։ Նախաձեռնության հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։ Iravaban.net-y տեղեկանում է Ազգային ժողովից։

Քննարկման ընթացքում Թագուհի Ղազարյանը նշել է, որ նախորդ տարիներին հանրային հեռարձակողներից մեկը՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը, պետական բյուջեից շուրջ 3 միլիարդ դրամ է ստացել մեկ անձից գնումների միջոցով՝ առանց մրցույթի, ինչը, նրա գնահատմամբ, արդյունավետ միջոցների օգտագործում չէ։

Նախագծի հեղինակների խոսքով՝ փոփոխությունները կնպաստեն, որ կրթական և մշակութային բովանդակության համար նախատեսված պետական միջոցները բաշխվեն մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ և բովանդակության բազմազանություն։

Օրենքի նախագիծը ընդունվել է 63 «կողմ» և ընդդիմադիր պատգամավորների 31 «դեմ» ձայներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել