Ինչպես հաղորդում է Iravaban.net–ը Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։ Այս նիստով ավարտվեց հիմնական դատալսումների փուլը։ Մեղադրյալները հանդես եկան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև մեղադրյալ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
«2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչ օրս, ես ունեմ մեղադրյալի կարգավիճակ։ Եվ որպես մեղադրյալ, որպես դատավոր և որպես իրավաբան, ես մշտապես ցանկացել եմ հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքի էությունը։ Այդ Պարզաբանումը փորձել եմ ստանալ ինչպես նախաքննական մարմնից, այնպես էլ հանրային մեղադրողներից։ Այդպես էլ պատասխան չեմ ստացել։ Նախաքննական մարմնից նույնիսկ ես և իմ պաշտպանական թիմը խնդրել ենք copy-past եղանակով ի վերջո ցուցանել՝ ո՞րն է իմ արարքից լիազորությունների անցում և ո՞րն է անարդար դատական ակտ, բայց այդպես էլ նախաքննական մարմինը չի կատարել իր պարտականությունը։ Հանրային մեղադրողներից Գևորգյան Արմենը, ամբողջ դատավարության ընթացքում, խուսափել է մեր կողմից տրված հարցադրումներին պատասխանելուց, պատճառաբանելով, որ դրանց կպատասխանի համապատասխան փուլի ընթացքում, իսկ համապատասխան փուլի ընթացքում անցել է այլ աշխատանքի։ Իսկ պարոն Մհերյանը, մի քանի անգամ, եթե չեմ սխալվում, նշել է, որ մասնակից չի եղել այդ ամենին և իմ պատկերացմամբ ևս որևէ հարցի, ըստ էության չի պատասխանել։ Դատավարության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել նաև Ձեզ, որոնց մեծ մասը Դուք մերժել եք։ Դրանցից 2-ի քննությունը հետաձգել եք և ես լիահույս եմ, որ դրանց կանդրադառնաք վերջնական դատական ակտում։ Ես որևէ հակափաստարկ չեմ լսել իմ նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների ապօրինի լինելու վերաբերյալ, լսել եմ միայն, որ, քանի որ դատավորը դա բավարարել է ուրեմն որևէ խնդիր չկա։ Ես այլ բացատրություն չեմ լսել։ Ես որևէ իրավական ողջամիտ բացատրություն չեմ լսել նաև քննչական ենթակայության խախտման վերաբերյալ։ Իհարկե կներեք, բացի Սմբոյի խարտյաշ ունքերից և հայրիկիս պահած հանրահայտ նապաստակների համտեսումից։ Այն որ մեղադրանքը բացարձակ որևէ աղերս չունի իրավաբանության հետ՝ շատ լավ հասկացել էին Դատախազությունը և նախաքննական մարմինը։ Դրա վառ օրինակը հենց այն է, որ դեռևս նախաքննության վաղ փուլում, երբ ես նոր էի կալանավորվել, նախաքննական մարմինը հանդես էր եկել առաջարկով, որ ընդունիր մեղքդ, ցուցմունքները տուր, որպեսզի մեղադրանքը վերաորակենք, մասնավորապես լիազորությունների անցումը վերաորակենք առաջին մաս, ակնհայտ անարդար դատական ակտը առհասարակ հանենք, իսկ դու գնա տուն։ Առաջարկը բնականաբար իմ կողմից մերժվել է։ Ի՞նչ եք կարծում, պատվարժան Դատարան, եթե մեղադրանքը օրենքի, իրավունքի սահմանում լիներ նման առաջարկ կանեի՞ն ինձ։ Բնականաբար չէին անի։ Հարց է առաջանում՝ ինչու՞ եք նման կերպ վարվել, այսինքն ինչու՞ եք ինձ ներկայացրել մի մեղադրանք, որը ոչ միայն հիմնավոր չէ, այլև, ես ներողություն եմ խնդրում, գրագիտության և պրոֆեսիոնալիզմի մինիմալ չափանիշներին չի համապատասխանում։ Մի՞թե ԱԱԾ կամ Դատախազության աշխատակիցները խնդիր ունեն գրագիտության հետ, մի՞թե սա պրոֆեսիոնալիզմի բացակայության արդյունք է, մի՞թե չեն հասկանում՝ ինչ են անում։ Իհարկե ոչ, պատվարժան դատարան, շատ լավ էլ հասկանում են։ Եվ Դատախազության, և ԱԱԾ աշխատակիցները լավ էլ պրոֆեսիոնալ են,լավ էլ գրագետ են։ Բա ի՞նչն է պատճառը, որ նման կերպ են վարվում։ Ինձ պատժելու հանձնարարություն են ստացե՞լ։ Փայլուն կերպով կատարել են։ Եթե մեղադրանքը նման կերպ ուռճացված չլիներ, եթե իրականությունից կտրված չլիներ, ես պարզապես չէի կարող 2 տարի 5 ամիս գտնվել անազատության մեջ, որից 1 տարի 5 ամիսը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Ինձ մոտ հաջորդ հարցն է առաջանում։ Այս՝ իրավունքի նշույլներ չպարունակող մեղադրանքի պարագայում, Դատախազության հույսը ո՞վ է, պատվարժան Դատարան։ Դու՞ք եք, շատ իզուր։ Ինչու՞ պետք է օպերատիվ մարմինների, քննչական մարմինների, Դատախազության ոչ ճիշտ, ոչ գրագետ, ոչ պրոֆեսիոնալ, ապօրինի գործողոիթյունների համար պատասխան տան, ծանր բեռի տակ մտնեն մեր դատարանները, մեր դատավորները։ Ի վերջո այս արատավոր պրակտիկային պետք է վերջ դրվի մեր հանրապետությունում։ Շատ էին ուզում ինձ դատի տալ, թող բարի լինեին իրենց գործը օրենքին համապատսխան կատարել, որ նման խնդիրներ չառաջանար։ Բայց գործել են օրենքին ոչ համապատասխան, գործել են ոչ բարեխիղճ։ Պատվարժան Դատարան, չգիտեմ կհավատաք թե ոչ, ես մի տեսակ տխրել եմ, որ այս դատաքննությունը մոտենում է ավարտին, որովհետև քիչ թե շատ, ամեն պարագայում ես սովորել էի Ձեզ և իմ մոտ վստահություն էր ձևավորվել Ձոր նկատմամբ, չնայած միշտ էլ եղել է այդ վստահությունը, որովհետև նախկինում ևս ես Ձեզ ճանաչել եմ, որպես դատախազ։Մենք գործընկերներ ենք եղել։ Ես ցանկանում եմ, որ ինչ լինում է այս դատական նիստերի դահլիճում էլ ավարտվի։ Ինչպես դասականն է ասում՝ ինչ լինում է թող լինի միանգամից։ Եթե անկեղծ լինեմ՝ ես այլ դատավորի տրամադրություն չունեմ, պատվարժան Դատարան։ Եվ վերջում, ես պնդում եմ, որ որևէ քրեորեն պատժելի արարք չեմ կատարել, ես որևէ լիազորություն չեմ անցել։ Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատական ակտը չի եզել ոչ միայն ակնհայտ անարդար, այլ ընդհակառակը՝ եղել է ճիշտ հակառակը, եղել է ամենաարդար դատական ակտը։ Եվ ուրեմն ես, Էրիկ Ալեքսանյանը և Թամարա Պետրոսյանը պետք է արդարացվենք, որի կապակցությամբ Ձեզ խնդրում եմ առաջնորդվել բացառապես օրենքով և իրավունքով։ Դրա կապակցությամբ Ձեզ պատվարժան Դատարան, մաղթում եմ ուժ, համարձակություն, իմաստություն և համբերություն։ Աստված պահապան բոլորիս։ »,- ասաց Ալեքսանյանը։