Արուսյակ Ալեքսանյանի և մյուսների գործով հիմնական դատալսումներն ավարտվեցին․ Դատարանը կհրապարակի վերդիկտը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում  շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին չէին ներկայացել հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը, պաշտպաններ Հովսեփ Սարգսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը, Արտակ Վարդանյանը, Միքայել Շիրինյանը, Ալեքսանդր Կոչուբաևը, Զոհրաբ Հարությունյանը, Արամ Վարդևանյանը, Գարիկ Գալիկյանը։ Դատարանին տեղեկացվեց, որ պաշտպաններ Արտակ Վարդանյանը և Անդրանիկ Մանուկյանը հայտնել են, որ ներկա չեն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։

Կողմերը առարկություններ չունեին դատավարության մասնակիցների բացակայության պայմաններում նիստը անցկացնելու վերաբերյալ։ Նախորդ դատական նիստի ավարտին մեղադրյալ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշել էր, որ ցանկանում է դիրքորոշում հայտնել պաշտպան Երեմ Սարգսյանի բարձրացրած իրավական հարցի կապակցությամբ։ Այս նիստին, սակայն նշեց, որ արդեն չի հիշում, թե ինչ էր ցանկանում ասել։ Նա դիրքորոշում չարտահայտեց։

Դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ նիստը հետաձգվում է վերդիկտ կայացնելու նպատակով։

Մեղադրյալները հանդես եկան եզրափակիչ հայտարարություններով, նշելով, որ չեն ընդունում մեղադրանքը։

Թամարա Պետրոսյանը շատ կարճ ելույթ ունեցավ։ «Հուսով եմ՝ կլինեմ վերջին դատավորի օգնականը, ով պարզապես իր աշխատանքային պարտավորությունները կատարելու արդյունքում ստիպված կլինի անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցել եմ ես ու դեռ շարունակում եմ անցնել»,- ասաց նա։

Հաշվի առնելով, որ որևէ փաստական տվյալ եզրափակիչ ելույթներում չներկայացվեց, հիմնական դատալսումները այսքանով ավարտվեցին։   Հաջորդ դատական նիստը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 17։00-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել