Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է թիվ ԼԴ/0958/02/25 քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Կարապետյանի ընդդեմ Ազատ Արշակյանի՝ զրպարտության համար 6 միլիոն դրամի փոխհատուցում և հրապարակային հերքում պահանջելու վերաբերյալ: Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, որին հետևել է նաև վերաքննիչ դատարանի նմանատիպ որոշումը:
Համաձայն Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների, 2025թ. հուլիսի 25-ին Սամվել Սարգսի Կարապետյանի ներկայացուցիչ՝ Կարեն Մարգարյանը, էլեկտրոնային եղանակով հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի դատարան: Հայցադիմումը մակագրվել է դատավոր Գնել Զաքարյանին 2025թ. հուլիսի 28-ին:
Ի՞նչ է արել Արշակյանը՝ ըստ հայցի
Հայցի հիմքում ընկած են Ազատ Արշակյանի կողմից 2025թ. հուլիսի 12-ին լրագրող Նարեկ Կիրակոսյանին և հուլիսի 22-ին Առաջին լրատվականի «Բաց Հարթակ» հաղորդմանը տված հարցազրույցների ժամանակ արված արտահայտությունները, որոնցում, ըստ հայցվորի, պնդվել է, որ «Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, իր կուլտուրան կողոպտելն է, հարկեր չի վճարում» և այլ՝ իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ:
Հայցվորի պահանջները
Կարապետյանի հայցադիմումում ներկայացված են հետևյալ պահանջները.
- Պարտավորեցնել Արշակյանին տեսաուղերձով հանրայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները՝ հստակ տեքստով ընդունելով, որ «այդ տեղեկությունները զրպարտչական են, սուտ են և անհիմն»:
- Տեսաուղերձով հերքումն անհնարին լինելու դեպքում՝ պարտավորեցնել պատասխանողին հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ ունեցող թերթի միջոցով:
- Բռնագանձել 6 միլիոն ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:
- Բռնագանձել դատական ծախսերը:
Հայցի ապահովման միջոցների կիրառման մերժումը
Հայցադիմումի հետ ներկայացված միջնորդությամբ Կարապետյանը խնդրել էր կիրառել հայցի ապահովման երկու միջոց՝ արգելանք դնել Արշակյանի գույքի և դրամական միջոցների վրա 6 միլիոն դրամի չափով, և արգելել նրան հրապարակային որևէ արտահայտությամբ հանդես գալ Կարապետյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ:
Առաջին ատյանի դատարանը մերժել է այս միջնորդությունը, իսկ վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Լևոն Գրիգորյան) սեպտեմբերի 1-ին կայացրած որոշմամբ անփոփոխ է թողել այդ մերժումը:
Վերաքննիչ դատարանի կարծիքով, ապացույցները բավարար չեն հիմնավորելու, որ Արշակյանը կարող է թաքցնել իր միջոցները կամ շարունակել հրապարակային արտահայտություններ անել: Դատարանը նաև գտել է, որ խոսքի արգելքը համաչափ չէ ներկայացված պահանջին:
Ներկայումս գործը քննվում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Զաքարյանի վարույթում, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը: