Գագիկ Ծառուկյանի և մյուսների գործով նիստը հերթական անգամ հետաձգվեց

հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ  ՀՀ Գլխավոր դատախազությունն ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանի, Նվեր Գագիկի Ծառուկյանի, Արփի Բյուզանդի Ավետիսյանի, Հովհաննես Գագիկի Ծառուկյանի,Կ ոլիկ Վանուշի Ծառուկյանի, Ռոզա Լևոնի Ծառուկյանի, Ռոբերտ Արամի Մկրտչյանի, Տիգրան Սերյոժայի Մանուկյանի, Արմինե Մանվելի Մանուկյանի, Սեդրակ Գարիկի Առուստամյանի, Վարդիթեր Զավենի Խաչատրյանի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝  «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ,  «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Մուտի Ավտոտրանս» ՍՊԸ, «Գլոբալ Մոթորս» ՍՊԸ, «Արմբետոն» ՍՊԸ, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ, «Մեգա Մոթորս» ՍՊԸ, «Մուլտի Սիս» ՍՊԸ, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ, «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» ԲԲԸ, «Շուստով առևտրի տուն» ՓԲԸ, «Մուլտի Ագրովեյ» ՍՊԸ, «Արտբեն» ՍՊԸ, Ա/Ձ Աննա Մնացականի Բարսեղյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։

Նիստն անցկացվեց դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ։ Iravaban.net-ի փոխանցմամբ նիստին ներկա էին հայցվոր ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ, դատախազ Տիգրան Ենոքյանը, պատասխանող Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներ Վարազդատ Ասատրյանը և Հարություն Հարությունյանը։ Ներկա էին նաև Ջավահիր Ծառուկյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանը, Տիգրան և Արմինե Մանուկյանների ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանը։  Դատարանը որոշեց դատական նիստը շարունակել պատշաճ ծանուցված, բայց չներկայացած դատավարության մասնակիցների բացակայության պայմաններում։

ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը նոր է ներգրավվել գործի քննությանը որպես հայցվորի ներկայացուցիչ։ Նա ներկայացավ, Դատարանին ներկայացրեց համապատասխան փաստաթղթերը։ Ապա միջնորդեց դատական նիստը հետաձգել գործի նյութերին ամբողջական ծավալով ծանոթանալու համար։ Ենոքյանը խնդրեց դատական նիստը հետաձգել 2 ամիս ժամկետով։ Պատասխանող կողմի ներկայացուցիչները չառարկեցին միջնորդության բավարարմանը։

Մինչ նիստի հետաձգումը փաստաբան Հարություն Հարությունյանը ներկայացրեց հրատապ միջնորդություն, որը վերաբերում էր հայցի ապահովման միջոցի փոփոխությանը։ Միջնորդությունը քննարկվեց, դատավոր Դրմեյանը նշեց, որ Դատարանը կկայացնի առանձին դատական ակտ ձևով որոշում և կուղարկի կողմերին։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նախնական դատական նիստը կկայանա դեկտեմբերի մեկին, ժամը 15։00-ին։ Մանրամասները դատական նիստի տեսանյութում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Հայցադիմումը կից փաստաթղթերով Դատարան է մուտքագրվել 09.10.2023 թվականին և ՀԿԴ/0210/02/23 համարի ներքո մակագրվել է դատավոր Լ. Դրմեյանին։
Դատարանի 18.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատարանի նույն օրը կայացրած մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է։
Դատարանի 05.12.2023 թվականի որոշմամբ գործով նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանի 15.04.2024 թվականի և 01.07.2024 թվականի որոշումներով գործի քննությանը ներգրավվել են երրորդ անձինք:
19.06.2025 թվականին կայացած նախնական դատական նիստում Գագիկ Ծառուկյանի անունից ներկայացվել է արագացված դատաքննություն կիրառելու և հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու վերաբերյալ բանավոր միջնորդություն, որը Դատարանի 18.09.2025 թվականի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է գործով կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացման հետևյալ պահանջների մասով.
«Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանից (Առաքելյան) որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
– ******* բանալու համարի և ******* արխիվային կոդով Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 31-րդ շենքի ******* րդ բնակարանը,
– ******* կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Թումանյան փողոցի ******* րդ հասցեի 260քմ մակերեսով տարածքը,
– ******* բանալիով (******* արխիվային կոդով) Երևան քաղաքի Թումանյան փողոցի ******* հասցեի 137քմ մակերեսով տարածքը,
– ******* կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Թումանյան փողոցի 21 շենքի թիվ ******* բնակարանը,
– «ԱԲՈՎՅԱՆԻ ՉԱՓԻՉ-1» ԲԲ ընկերության (գրանցման համար՝ 11.130.01360, ՀՎՀՀ 03500997) 373.100 հատ բաժնետոմսը,
(…) Գագիկ Կոլյայի Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալ գույքերի ձեռքբերման արժեքները՝
– ******* մակնիշի ավտոմեքենա՝ 2.653.980 ՀՀ դրամ,
– ******* մակնիշի ավտոմեքենան՝ 4.228.961 ՀՀ դրամ,
– ******* մակնիշի ավտոմեքենա՝ 19.053.760 ՀՀ դրամ»։
Նույն օրը Դատարանը կայացրել է որոշում՝ թիվ ՀԿԴ/0210/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործից առանձին վարույթում ՀՀ գլխավոր դատախազության մյուս պահանջներն առանձնացնելու վերաբերյալ:
Առանձնացված գործը ՀԿԴ/0241/02/25 համարի ներքո 22․09․2025 թվականին մակագրվել է դատավոր Լ․ Դրմեյանին և 23․09․2025 թվականին հանձնվել է դատավորի աշխատակազմին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել