2025 թվականի ապրիլի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա. Հակոբյանը հաստատել է թիվ 62229825 քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ըստ մեղադրանքի Սինոդ Արմենի Օհանյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, ուղարկվել է Դատարան։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Քրեական գործի նյութերը Դատարան են մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 16-ին, նույն օրը դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի միջոցով մակա-գրվել և 2025 թվականի ապրիլի 17-ին փաստացի հանձնվել են դատավոր Վ. Ստեփանյանին։
Մեղադրական եզրակացության բովանդակությունը
Սինոդ Արմենի Օհանյանը, 2017 թվականի հուլիսի 1-ին ստանձնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 12 բաժնի պետի տեղակալի պաշտոնը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է «Պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գովքի, եկամուտների և շահերի հայտարարագիր»՝ դրանում թաքցնելով հայտարարագրման ենթակա տվյալ առ այն, որ սեփականության իրավունքով իրեն է պատկանում 2014 թվականին արտադրված «Toyota Corolla 1.6» մակնիշի տրանսպորտային միջոց։
Բացի այդ, Սինոդ Օհանյանը 2018 թվականի մարտի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է «Պաշտոնատար անձի՝ 2017 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր»՝ դրանում ներառելով կեղծ տվյալ առ այն, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող վերը նշված ավտոմեքենայի օտարման գինը կազմում է 50.000 ՀՀ դրամ, մինչդեռ պարզվել է, որ իրականում ավտոմեքենան 2017 թվականի փետրվարի 10-ին օտարվել է Գայանե Բժշկյանին, որի դիմաց վերջինը Սինոդ Օհանյանին փաստացի վճարել է կանխիկ 13.100 ԱՄՆ դոլար գումար (գործարքի օրվա դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 486.79 ՀՀ դրամ):
Այսպիսով՝ Սինոդ Օհանյանը, լինելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացրել, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ 6.376.949 ՀՀ դրամի չհայտարարագրմանը։
Կիրառված խափանման միջոցը
Սինոդ Օհանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Գործով քննությունը շարունակվում է անցկացված դատական նիստեր բովանդակության, ինչպես նաև հետագա դատական նիստերի մասին տեղեկություն Դատալեքս համակարգում լրացված չէ,- տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: