Օրենքի պահանջ. բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

Նախագծով սահմանվում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և գործող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ընդունված և գործող աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կանոնները։

Գործատուները պարտավոր են 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, թվային համակարգ մուտքագրել բոլոր գործող պայմանագրերը և համապատասխան անհատական ակտերը՝ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ։

Թվային մուտքագրման կարգը

  • Գործատուն (կամ նրա ներկայացուցիչը) մուտք է գործում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» և լրացնում անհրաժեշտ դաշտերը՝ մուտքագրելով աշխատանքային պայմանագրերը կամ աշխատանքի ընդունման իրավական ակտերը։
  • Մուտքագրված տվյալների հիման վրա կազմված փաստաթուղթը ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որից հետո այն արտացոլվում է ՊԵԿ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ»-ում։
  • Համակարգը ինքնաշխատ ծանուցում է ուղարկում աշխատողի էլեկտրոնային հասցեին, որից հետո աշխատողը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է իր պայմանագիրը։
  • Աշխատողները պետք է ստորագրեն պայմանագրերը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը համակարգ կիրականացվի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները մուտք կկատարեն՝ օգտագործելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և ՊԵԿ-ի տրամադրած մուտքանուն-գաղտնաբառը։

Քաղաքացիները կկարողանան օգտագործել իրենց նույնականացման քարտում առկա կամ բջջային էլեկտրոնային ստորագրությունը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ այլ տեսակի էլեկտրոնային ստորագրություններ (օրինակ՝ CoSign):

Պայմանագրի պարտադիր լրացվող դաշտերը

Թվային համակարգում աշխատանքային պայմանագիր մուտքագրելիս պարտադիր է լրացնել մի շարք դաշտեր, այդ թվում՝

  • պայմանագրի համարը, կնքման վայրը և ամսաթիվը,
  • գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը,
  • աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ տեղեկանքի համարը,
  • աշխատանքի վայրը, հաստիքը և աշխատանքային գործառույթները,
  • հիմնական աշխատավարձի չափը և վճարման ձևը,
  • պայմանագրի տեսակը (որոշակի կամ անորոշ ժամկետով),
  • արձակուրդի տևողությունը, աշխատանքային ժամերի ռեժիմը,
  • կողմերի ծանուցման եղանակները և պայմանագրի հավելվածների մասին նշումը։

Այս դաշտերի մեծ մասը պարտադիր լրացման ենթակա է, և համակարգը չի ընդունի պայմանագիրը՝ առանց այդ տեղեկությունների։

Եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով, ապա նշված դաշտերը լրացվում են այդ ակտում, և աշխատողի ստորագրությունը տվյալ դեպքում պահանջվող չէ։

Տվյալների համադրություն և ստուգում

Թվային համակարգը ինքնաշխատ համադրում է մուտքագրված պայմանագրերի տվյալները վարձու աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկությունների հետ։
Անհամապատասխանության դեպքում գործատուն պետք է իրականացնի համապատասխանեցում կամ ստանա համակարգից զգուշացում՝ օրինակ, եթե աշխատանքի մեկնարկի ամսաթիվը չի համընկնում գրանցման հայտում նշված տվյալների հետ։

Հատուկ դրույթներ պետական մարմինների համար

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պայմանագրերը, ինչպես նաև պետական մարմինների ներգրաված փորձագետների պայմանագրերը, ինքնաշխատ կերպով կփոխանցվեն թվային համակարգ՝ փոխգործելիության հարթակի միջոցով։
Այս դրույթը վերաբերում է նաև հանրային պաշտոններ և ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, որոնց անձնական գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքով, որով նախատեսվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ։ Սույն կարգավորումը նպատակ ունի սահմանել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերը թվային համակարգ մուտքագրելու կարգը։

Ըստ օրենքի՝ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխությունն ու դադարեցումը կիրականացվեն բացառապես թվային եղանակով, իսկ գործատուները պարտավոր են մեկ տարվա ընթացքում թվային համակարգում արտացոլել գործող պայմանագրերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով։

Հաշվի առնելով այս պահանջը՝ մշակվել է տվյալ կառավարության որոշման նախագիծը՝ ապահովելու համար օրենքի գործնական կիրարկումը և անցումը թվային աշխատանքային պայմանագրերի համակարգին։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտություն չի առաջացնում։

Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ներդնել թվային համակարգ, որի միջոցով կթվայնացվեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում կնքված աշխատանքային պայմանագրերը՝ նպաստելով աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետությանը։

  • Թվային համակարգը կերաշխավորի, որ աշխատանքային պայմանագրերը համապատասխանում են օրենսդրության պահանջներին, և աշխատողները կկարողանան վերահսկել իրենց իրավունքների պահպանումը՝ կանխելով անօրինական աշխատանքն ու շահագործումը։
  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կստանա հնարավորություն իրականացնել արդյունավետ վերահսկողություն աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ։
  • Պետական եկամուտների կոմիտեն կկարողանա վերահսկել աշխատանքի ընդունման, հարկային և սոցիալական վճարների հաշվարկման և վճարման օրինականությունը։
  • Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կկարողանա վերահսկել «Օտարերկրացիների մասին» օրենքի պահանջների պահպանումը՝ կանխելով անօրինական միգրացիան։

Նախագծի հիմնական առավելություններն են՝ աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը, սոցիալական պաշտպանվածության բարձրացումը, վճարների և հատկացումների թափանցիկությունը, ինչպես նաև գործատուների նկատմամբ վերահսկողության ամրապնդումը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ Վարչապետի աշխատակազմի ցանկի 8-րդ կետի պահանջներից, որով նախատեսված է «Աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացում» միջոցառումը, այս մասին հայտնում է Iravaban.net-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել