Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1134-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել ՀՀ կառավարության N 1134-Ն որոշման 8-րդ և 9-րդ կետերը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎԿԱԿ) գործունեության առարկան և նպատակները համապատասխանեցնելով նոր ընդունված «Հանրային առողջապահության մասին» օրենքին։
Արտահայտված ձևով կազմակերպության հիմնական գործառույթներն ու նպատակները կլինեն հետևյալը՝
- հանրային առողջության ապահովման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման ուղղությամբ միջոցառումների կազմակերպում և իրականացում,
- համաճարակաբանական դիտարկումների և հետազոտությունների իրականացում,
- կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,
- հիվանդությունների վարչական վիճակագրական հաշվառման կազմակերպում,
- սննդամթերքի օգտագործման անվտանգության և շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատում,
- հանրային իրազեկման, առողջ ապրելակերպի և առողջապահական գիտելիքների տարածման ապահովում,
- կանխարգելիչ պատվաստումների իրականացում և համակարգում,
- հանրային առողջապահության ոլորտում լաբորատոր և գիտահետազոտական գործունեության իրականացում,
- համաճարակների, բռնկումների և հանրային առողջապահական արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների կազմակերպում։
Բացի այդ, որոշմամբ հստակեցվում են նաև Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, այդ թվում՝
- հանրային առողջապահական փորձաքննություններ և լաբորատոր հետազոտություններ,
- ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքներ,
- բժշկական և խորհրդատվական ծառայություններ,
- գիտահետազոտական աշխատանքներ և վերապատրաստման ծրագրեր։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» որպես առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպություն գործում էր «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա, որը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ուժը կորցրած է ճանաչվել։
Նույն օրվանից ուժի մեջ է մտել նոր «Հանրային առողջապահության մասին» օրենքը, որով հանրային առողջապահության ոլորտում ներդրվել են նոր իրավակարգավորումներ և առաջին անգամ հստակ սահմանվել են պետական կազմակերպությունների գործառույթները։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները նշված օրենքին համապատասխանեցնելու պահանջից՝ ապահովելու համար իրավական հստակություն և գործառութային համահունչություն առողջապահական նոր համակարգում։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունման արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ՝
- Կազմակերպության գործունեությունը կհամապատասխանեցվի նոր «Հանրային առողջապահության մասին» օրենքի պահանջներին,
- կբարձրանա հանրային առողջապահության կառավարման և համաճարակաբանական վերահսկման համակարգի արդյունավետությունը,
- կբացառվեն հին իրավական ակտերից բխող հակասությունները։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, այն ուղղված է բացառապես գործող օրենսդրական դաշտին համապատասխանեցմանը։
- Նախագծի մանրամասն կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/9215/about։