Բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների ստացման և օգտագործման կարգը. նոր կարգավորում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանելու մասին»» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումը  ուժի մեջ կմտնի բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։
Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  • Սահմանել տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի։

Հավելվածի հիմնական դրույթները

Կարգը սահմանում է պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների ստացման և օգտագործման հարաբերությունները՝ ապահովելով դրանց փոխգործելիությունը և անվտանգությունը։

Հիմնական սահմանումներ և դրույթներ՝

  • Տվյալների փոխանակման շերտի անդամներ են տարբեր պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններ՝ ներառյալ պաշտպանության բնագավառի տվյալների շտեմարանը, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը, անձը հաստատող փաստաթղթերի և կենսաչափական տվյալների շտեմարանները, ինչպես նաև կառավարության կողմից սահմանված այլ տվյալների բազաներ։
  • Յուրաքանչյուր անդամ իր ենթահամակարգերը միացնում է տվյալների փոխանակման շերտին՝ անվտանգության սերվերի միջոցով, ապահովելով կոդավորված կապ (VPN կամ HTTPS):
  • Տվյալների փոխանցման յուրաքանչյուր դեպք հաստատվում է էլեկտրոնային կնիքով և գրանցվում է հարցումների գրանցամատյանում՝ ապահովելով վերահսկելիություն և հետագծելիություն։
  • Տվյալների օգտագործումը թույլատրելի է միայն օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում, իսկ փոխանցված տվյալները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով կամ տրամադրվել երրորդ կողմին։
  • Ապահովվում է տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և սահմանափակ հասանելիությունը։
  • Տվյալների փոխանակման գործընթացի անվտանգությունն իրականացվում է էլեկտրոնային կնիքների, կոդավորման և անվտանգության սերվերների միջոցով։
  • Անդամներն առնվազն չորս տարին մեկ անգամ անցկացնում են անվտանգային աուդիտ։
  • Խախտումների կամ չարաշահումների դեպքում տվյալների ծառայություններից օգտվելու իրավունքը կարող է ժամանակավորապես կասեցվել կամ դադարեցվել։

Ու՞մ կողմից է մշակվել

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

Իրավական անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի պահանջներից, ըստ որի՝ կառավարությունը սահմանում է տվյալների փոխանակման և օգտագործման կարգը։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի՝

  • ապահովել պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիությունը,
  • ձևավորել տվյալների փոխանակման միասնական կանոններ,
  • ապահովել տվյալների հոսքի շարունակականությունն ու անվտանգությունը։

Բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ գործունեությունը հնարավոր է միայն պետական տարբեր շտեմարանների փոխկապակցված աշխատանքի միջոցով՝ ներառյալ անձը հաստատող փաստաթղթերի, կենսաչափական տվյալների և սահմանային կառավարման համակարգերը։ Այս փոխկապակցվածությունն իրականացվում է տվյալների փոխանակման շերտի միջոցով, որը հանդիսանում է անվտանգ և ստանդարտացված թվային միջավայր պետական համակարգերի համար։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունման ծախսային գնահատականը հնարավոր կլինի կազմել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկման համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատանքների ավարտից հետո։

Ակնկալվող արդյունքը

  • Պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակի բարձրացում։
  • Տվյալների փոխանակման իրավական և տեխնիկական անվտանգության ապահովում։
  • Տվյալների կրկնօրինակումների և ձեռնարկային հավաքման բեռի նվազեցում։
  • Քաղաքացիների տվյալների պաշտպանության և պետական ծառայությունների որակի բարելավում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.2-րդ բաժնի համաձայն՝ պետությունը պարտավորվել է բարեփոխել հանրությանը մատուցվող ծառայությունների որակը։ Նախագիծը համապատասխանում է այս հանձնառությանը՝ ապահովելով տեխնոլոգիական լուծումների հիմքով կառավարվող տվյալների բազաների զարգացում և քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, տեղեկացնում է Iravaban.net-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել