ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցնելու դեպք։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։
Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին, իր կողմից շահագործվող՝ ցեմենտով բեռնված բեռնատար ավտոմեքենայով, մաքսային հսկողությունից թաքցնելով, այլ երկրից Հայաստան է ներմուծել ընդհանուր 42 հազար 400 տուփ ծխախոտ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 15 միլիոն 9 հազար 600 դրամ ակցիզային հարկ։
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։