Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»» ՀՀ կառավարության օրենքի նախագիծը: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար գանձվող պետական տուրքերի չափերը և ժամկետները։
- Անշարժ գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների գրանցման համար սահմանվում են տարբերակված տուրքեր՝
- 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ բազային տուրքի 45-ապատիկ,
- 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 70-ապատիկ,
- 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ 95-ապատիկ,
- 2 ժամվա ընթացքում՝ 170-ապատիկ։
- Նոտարի ծանուցմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու դեպքում՝
- 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ բազային տուրքի 2-ապատիկ,
- 2 ժամվա ընթացքում՝ բազային տուրքի 12-ապատիկ։
- գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված տեղեկություններն իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլելու, գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար՝
- 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ բազային տուրքի չափով։
- անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակումների դեպքերի
- չորս աշխատանքային օրվա ընթացքում՝ բազային տուրքի չափով։
- Նոր 29․1 հոդվածով սահմանվում են նաև մի շարք արտոնություններ, որոնց շրջանակում քաղաքացիները որոշ դեպքերում ազատվում են պետական տուրքի վճարումից։
Արտոնությունները տարածվում են, օրինակ՝
- մինչև 1998թ․ ձեռք բերված և չգրանցված անշարժ գույքի առաջին գրանցման վրա,
- պետական սեփականության գույք անհատույց ձեռք բերած քաղաքացիների վրա,
- սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գրանցումների դեպքում,
- կրթական նպատակներով օգտագործվող կադաստրային քարտեզների տրամադրման վրա։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կադաստրի կոմիտեն պարզաբանում է, որ ներկայումս գործող իրավակարգավորումները բարդ են և տարբերակված են երկու օրենքներում՝
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»
- և «Պետական տուրքի մասին»։
Այս իրավիճակը բերում է գործնական խճճվածության, քանի որ երկու տարբեր վճարներ՝ պետական տուրքև ծառայության վճար, իրականում նույն բնույթն ունեն և ուղղվում են պետական բյուջե։
Նոր նախագծով առաջարկվում է միավորել բոլոր վճարները մեկ օրենքում, ապահովելով իրավական պարզություն, թափանցիկություն և քաղաքացիների համար ավելի հարմար վարչարարություն։
Միջազգային մոտեցումներ
Նախագծի հեղինակները նշում են, որ պետական տուրքերի համակարգը մշակվել է միջազգային փորձի հիման վրա՝ հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա․
- Արդյունավետություն՝ պարզ և կառավարելի կառուցվածք,
- Թափանցիկություն՝ շահառուների համար հասկանալի հիմքեր,
- Համաչափություն՝ վճարը համարժեք է ծառայությանը,
- Հստակություն և հավասարություն՝ առանց խտրականության,
- Էթիկա՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար հավելյալ վճարներ չեն սահմանվում։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը, ըստ նախնական ֆինանսատնտեսական հաշվարկների, կհանգեցնի պետական բյուջեի մուտքերի ավելացման՝ մոտ 4 մլրդ ՀՀ դրամի չափով։
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կստեղծվի մեկ միասնական և հստակ համակարգ՝
- պետական տուրքերի և ծառայությունների վճարները կսահմանվեն մեկ ակտում,
- կբարելավվի իրավական հստակությունը,
- քաղաքացիների համար վարչարարությունը կդառնա ավելի պարզ և կանխատեսելի։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10․6-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմաննուղղված աշխատանքներով։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, այս մասին տեղեկացնում է Iravaban.net–ը։