Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը:
Զորակոչի ժամկետները
Համաձայն նախագծի՝ 2025 թվականի ձմեռային զորակոչը կհայտարարվի 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
Ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
Ովքե՞ր ենթակա են զորակոչի
Զորակոչի ենթակա են՝
- Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ
- Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները
- Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները
Զորակոչի կազմակերպման համար ստեղծվող մարմիններ
Որոշման նախագծով նախատեսվում է ստեղծել՝
- Հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ
- Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համապատասխանաբար մարզպետների և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորությամբ
- Կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության համար
Նախարարությունների դերը զորակոչի կազմակերպման գործում
Որոշման նախագծով կառավարության անդամների միջև սահմանվում են հետևյալ պարտականությունները.
- ՀՀ պաշտպանության նախարար– ապահովել զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության աշխատանքների կազմակերպումը
- ՀՀ առողջապահության նախարար– ապահովել համապատասխան բժշկական հաստատություններին անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով
- ՀՀ արտաքին գործերի նախարար– ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող զորակոչի ենթակա քաղաքացիների մասին իրազեկումը
- ՀՀ ներքին գործերի նախարար– ապահովել հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում, իրականացնել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար– որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում պաշտպանության նախարարությանը տրամադրել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը
Ինչո՞ւ է ընդունվում որոշումը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
Որոշման նախագծի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի: