Արցախից տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կշարունակվի. նոր փոփոխություններ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով առաջարկվում է ընդլայնել շահառուների շրջանակը՝ ներառելով 2025-2026 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ առաջին կուրս (առկա վճարովի) ընդունված Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սովորողներին:

Միաժամանակ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել գործող որոշման այն դրույթը, որով սահմանված էր, որ ուսումնական հաստատությունը կամ ուսումնառած կրթական ծրագիրը փոխած կամ ուսանողական իրավունքները վերականգնած ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում չի տրվում:

Շահառուների շրջանակը

Համաձայն Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տեղեկատվության՝ 2025-2026 ուսումնական տարվա բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում պետական և ոչ պետական բուհեր են ընդունվել 251 Արցախից տեղահանված դիմորդ, որից 240-ը՝ պետական բուհեր:

Արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս են ընդունվել Արցախից տեղահանված շուրջ 75 ուսանող:

Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են դիմել ընտանեկան հանգամանքներից ելնելով ուսումնառությունը դադարեցրած կամ այլ բնակավայր տեղափոխված ուսանողներ, ովքեր դուրս են մնացել որոշման շահառուների ցանկից: Կան նաև ուսանողներ, ովքեր ցանկանում են առկա ուսուցման համակարգից տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգ՝ ուսումնառությանը զուգահեռ աշխատելու և ընտանիքի կարիքները հոգալու համար:

Նոր փոփոխությունը հնարավորություն կտա նման կարգավիճակ ունեցող ուսանողներին ևս ներառել որոշման շահառուների ցանկում:

Փոխհատուցման ժամկետների երկարաձգում

Նախագծով նաև երկարաձգվում են փոխհատուցման ժամկետները՝

  • Որոշման գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականը
  • Ուսման վարձի փոխհատուցումը կտրամադրվի մինչև 2030-2031 ուսումնական տարվա ավարտը

Ֆինանսական ազդեցությունը

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում կարող է առաջանալ ծախսերի ավելացում՝ հաշվի առնելով, որ համապատասխան ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել ՀՀ 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

Համաձայն հիմնավորման՝

  • Բուհերի առաջին կուրս ընդունված շուրջ 240 ուսանողի ուսման վարձի առաջին կիսամյակի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 100 մլն դրամ
  • Արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս ընդունված շուրջ 75 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 15 մլն դրամ

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ծրագրի շահառուների թիվը տատանվում է՝ կապված առաջադիմության շեմի պահանջների հետ:

Ե՞րբ է որոշումն ուժի մեջ մտնելու

Որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել