Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կշարունակեն աշխատել անժամկետ պայմանագրով. Կառավարության նոր որոշման նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված որոշման նախագիծը, որով փոփոխություններ կկատարվեն «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ:

Փոփոխության էությունը

Նախագծով նախատեսվում է Արցախից բռնի տեղահանված այն ուսուցիչներին, որոնք արդեն աշխատում են հանրակրթական ուսումնական հաստատություններում ծրագրի շրջանակներում, տալ հնարավորություն գործուղման ժամկետի լրանալուց հետո շարունակել աշխատանքը:

Մասնավորապես, ուսուցիչները կարող են առանց մրցութային գործընթացի շարունակել աշխատել նույն հաստատությունում, եթե առկա է հաստատության տնօրենի և տվյալ ուսուցչի երկուստեք համաձայնությունը:

Ինչով է պայմանավորված փոփոխության անհրաժեշտությունը

Ներկայումս 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում ներգրավված ուսուցիչների հետ կնքված պայմանագրերի ժամկետը լրացել է կամ լրանում է (պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը):

Գործող կարգավորմամբ ուսուցիչները չունեն հստակ մեխանիզմներ իրենց գործունեությունը շարունակելու համար: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է երկու հնարավորություն.

  1. Ուսուցիչները կարող են առանց մրցույթի շարունակել աշխատել նույն հաստատությունում՝ հաստատության տնօրենի և իրենց համաձայնությամբ
  2. Այն ուսուցիչները, որոնք արդեն ազատվել են գործուղման ժամկետի լրանալու պատճառով, կարող են մասնակցել թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթին

Երկու դեպքում էլ աշխատանքը կշարունակվի արդեն անժամկետ աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ առանց որոշմամբ սահմանված լրավճարի տրամադրման:

Ակնկալվող արդյունքները

Փոփոխության արդյունքում Արցախից տեղահանված մասնագետները հնարավորություն կունենան շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում և համալրելու առկա թափուր հաստիքները արդեն անժամկետ աշխատանքային պայմանագրի հիման վրա:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ծրագրից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից:

Ֆինանսական ազդեցություն

Որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում, քանի որ աշխատանքը կշարունակվի առանց լրավճարի:

Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել