Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կուսակցության հաղթանակը ընտրություններում անվանել է Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակ: Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Վրացական ԶԼՄ-ներից։
Նա մասնավորապես ասել է.
«Շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ: Առանց մեր միասնության այսպիսի տպավորիչ հաղթանակն անհնարին կլիներ: Մենք խոստացել էինք բոլորին հաղթանակ մեծ առավելությամբ, բայց կարծում եմ, որ նույնիսկ այդպիսի բարձրաձայն խոստումը մենք կատարեցինք մեծ առավելությամբ, և դա շատ լավ է, քանի որ մեր համոզիչ հաղթանակը հենց այն է, ինչ անհրաժեշտ է երկրի անշրջելի և կայուն զարգացման համար:
Ես կցանկանայի շնորհավորել ՏԻՄ ընտրություններում մեր գլխավոր թեկնածու Կախա Կալաձեին, ով արդեն երրորդ անգամ տպավորիչ հաղթանակ է տարել, և այդ ամենը Կախա Կալաձեի կատարած բազմաթիվ գործերի շնորհիվ:
Եվ ամենակարևորը, շնորհակալություն պարոն Բիձինա Իվանիշվիլիին ամեն ինչի համար, քանի որ այն, ինչ մենք այսօր ունենք երկրում՝ խաղաղություն, առաջընթաց, զարգացում, այդ ամենը շնորհիվ պարոն Բիձինա Իվանիշվիլիի, և այսօրվա հաղթանակը, իհարկե, Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակն է»: