Միքայել Սրբազանի դատավճռի շուրջ առաջացած տարաձայնությունները․ փաստաբանների և գործիչների արձագանքները

Հոկտեմբերի 3-ին հրապարակված դատավճիռը՝ Միքայել Սրբազանի գործով, առաջացրել է իրավական և հանրային քննարկումներ։ Գլխավոր բողոքը վերաբերում է այն հանգամանքին, որ դատարանը Սրբազանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով, մինչդեռ նախաքննության և դատաքննության ընթացքում մեղադրանքը ներկայացված է եղել 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Պաշտպան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ նման արդյունքը կանխատեսելի էր։ Նրա խոսքով՝ նախորդ նիստերում իրենք կանխատեսել էին երկու տարվա ազատազրկում՝ մեղադրողի պահանջած 2 տարի 6 ամսի փոխարեն։

Զոհրաբյանի հիմնական իրավական դիտարկումը վերաբերում էր դատարանի հայտարարած հոդվածին։ «Միքայել Սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով, սակայն դատարանը հրապարակման ժամանակ խոսեց 442-րդ հոդվածի երկրորդ մասին, որն ամբողջությամբ այլ բովանդակություն ունի»,- ասաց նա։

Նրա խոսքով, 442-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն, մինչդեռ նախորդ հոդվածը վերաբերել է Սահմանադրական կարգը տապալելու կամ իշխանության զավթման կոչերին։ Պաշտպանը շեշտեց, որ տեսագրությամբ հնարավոր է արձանագրել հոդվածային անհամապատասխանությունը։

Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ վճիռը նախատեսվում է բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում։ Նա նշեց նաև, որ արդեն ստացվել է Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է առաջին կալանքի բողոքը վարույթ ընդունել։

Զոհրաբյանը հավելեց, որ իր պրակտիկայում առաջին անգամ է արձանագրում նման դեպք, երբ դատավորը հրապարակում է մի հոդված, մինչդեռ ամբողջ դատաքննությունը և մեղադրանքը կառուցված են եղել այլ հոդվածի շուրջ։

Պաշտպան Զոհրաբյանը նշեց, որ Միքայել Սրբազանի գործողությունները, ըստ իրենց իրավական գնահատման, չեն կարող համարվել կոչեր։ Նա պնդեց, որ Սրբազանը պարզապես արտահայտել է իր կարծիքը նախկին իրադարձության վերաբերյալ՝ առանց որևէ ապագային ուղղված գործողության կոչի։

«Այն, ինչ վերագրում են Միքայել Սրբազանին, իր կարծիքն է եղել նախկին իրադարձության վերաբերյալ։ Դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել, հետևաբար՝ իրավախախտում չկա»,- նշեց պաշտպանը։

Փաստաբան Ռոման Ահարոնյանը ընդգծեց, որ այս դատական գործընթացը եղել է նախապես ծրագրված, և դա կանխատեսելի էր։ Նա նշեց, որ տեղի ունեցածը համարվում է «պատմական ամոթ»։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ևս արձագանքեց միջադեպին՝ ընդգծելով, որ ամբողջ դատաքննությունը վերաբերել է մեկ հոդվածի և մեկ մեղադրանքի, մինչդեռ դատավորը կիրառել է լրիվ այլ հոդված։ «Իշխանության համար թիվ մեկ հարցը Միքայել Սրբազանին անազատության մեջ պահելն էր։ Սա առաջին դեպքը չէ և վերջինը չի լինելու»։

Նա մեղադրեց դատաիրավական համակարգին՝ նշելով, որ այն ծառայում է քաղաքական իշխանության շահերին։ Նրա խոսքով, այս դատական գործընթացով նպատակ է դրվել լռեցնել խոսքի ազատություն ունեցող և հանրային աջակցություն վայելող գործիչներին։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը դատարանի որոշմամբ ազատազրկվեց 2 տարի ժամկետով։ Ազատազրկման ժամանակը ներառում է նաև փաստացի կալանքի տակ եղած ժամանակահատվածը։ Մանրամասները տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել